Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական տեռոր է իրականացվում․ Աննա Գրիգորյան

27 Օգոստոսի 2026, 13:10

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ մասշտաբային քաղաքական տեռոր է իրականացվում։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթին։

«Պարոն Միքայելյան, Դուք խոսեցիք Հոկտեմբերի 27-ից։ Միգուցե տեղյակ չեք, բայց ասեմ, որ նախագահ Քոչարյանն այս պահին կալանավորված չէ Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների համար։ Դուք եկել եք ու մի ամբողջ նարատիվ եք կառուցում մեր երկրում տեղի ունեցած ողբերգությունները նկարագրելով։ 8 տարի իշխանության եղած մարդիկ հարցադրումներով չեն խոսում, պատասխաններով են խոսում»,- նշել է Գրիգորյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ 1999 թվականի ողբերգությունից հետո հենց Ռոբերտ Քոչարյանի առաջարկով է վարչապետ նշանակվել Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, իսկ քննչական ու իրավապահ մարմիններում պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել մարդիկ, որոնք ուղղակիորեն հետաքրքրված են եղել գործի լիարժեք բացահայտմամբ։

«Մեր մութ ու սև էջերը, ողբերգությունները, ցավոք սրտի, տարիներ շարունակ միայն շահարկման առիթ են եղել՝ ոչ թե իրական բացահայտումների հետևից գնալու կամ իրական մեղավորներին պատժելու, այլ ուղղակի քաղաքական դիվիդենտներ ստանալու համար»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։