Ռոբերտ Քոչարյանը ձեռնարկատիրությամբ չի զբաղվել և չի զբաղվում․ փաստաբան
23 Սեպտեմբերի 2026, 11:29
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձեռնարկատիրությամբ չի զբաղվել և չի զբաղվում։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանի գործով մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով Քոչարյանի՝ ձեռնարկատիրական գործունեության հետ հնարավոր կապերին։
Նրա խոսքով՝ երկրորդ նախագահն իր ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել է հասարակական գործունեությամբ. խորհրդային տարիներին զբաղեցրել է բավականին բարձր հասարակական պաշտոններ, դրանից հետո եղել է Արցախի նախագահ, ազատագրման կոմիտեի անդամ, Հայաստանի վարչապետ, Հայաստանի նախագահ։
Ըստ Արամ Օրբելյանի՝ նախագահի պաշտոնից հետո Քոչարյանը որոշ ժամանակ աշխատել է բարձր վարձատրվող պաշտոններում, այդ թվում՝ որպես տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ, այնուհետև կրկին զբաղվել է քաղաքական գործունեությամբ։
«Ռոբերտ Քոչարյանը որևէ ուղղակի կամ անուղղակի առնչություն չունի այդ ձեռնարկությունների հետ, բացառությամբ այն հանգամանքի, որ իր որդին կամ դուստրը, կամ մյուս որդին ինչ-որ առնչություն կարող են ունենալ որոշակի ձեռնարկությունների հետ»,- հայտարարել է Արամ Օրբելյանը։