«Ռոսատոմ»-ի ղեկավարը կայցելի Երևան
03 Սեպտեմբերի 2026, 11:18
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը սեպտեմբերի 29-ին կայցելի Երևան։ Նա այդ մասին հայտնել է SputnikLive–ի եթերում։
Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։ Առաջնորդները մանրամասն քննարկել են նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Լիխաչովը հայտարարել է, որ փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման հայաստանյան ծրագրերը կարող են փոխվել գիգավատտ հզորությամբ ռեակտորների օգտին: Այս հարցի շուրջ քննարկում կանցկացվի Հայաստանում։
«Հանրապետությունում կարող է աճել կանխատեսվող էներգետիկ դեֆիցիտը՝ կապված տվյալների մշակման կենտրոնների, ԱԻ համակարգերի կիրառման և թվային տնտեսության զարգացման հետ։ Մենք նույնպես տեսնում ենք էներգիայի սպառման լավատեսական կանխատեսում։ Բայց նույնիսկ եթե էներգիայի ավելցուկ լինի, ապա Անդրկովկասում արտահանման համար մեծ տարածք կհայտնվի, և ՌԴ-ն պատրաստ է աջակցել»,– ասել է Լիխաչովը։