«Ռոսսելխոզնադզոր»-ը կասկածում է, որ հայկական ծաղիկները վերաարտահանվում են Իրանի միջոցով
17 Հուլիսի 2026, 15:57
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ Ռուսաստան մատակարարվող ծաղիկների հավաստագրումը դադարեցնելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է գերատեսչությունը։
Գերատեսչությունում նշել են, որ 2026 թվականին Իրանից ծաղիկների մատակարարման ծավալը զգալիորեն գերազանցել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ «Բուսասանիտարական հավաստագրերում արտադրանքի ծագման երկիր նշված է Իրանը։ Միևնույն ժամանակ, արտադրանքի արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով այն նույնական է նախկինում Հայաստանից ներկրվողին»,- ասված է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությունում։
Նշվում է, որ ավելի վաղ գերատեսչությունը իրանական կողմին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին։
«Իրանական կողմից պատասխանի բացակայության պայմաններում՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքների բուսասանիտարական բարեկեցությունն ապահովելու, ինչպես նաև «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից սահմանված արգելքներն ու սահմանափակումները պահպանելու նպատակով, ծառայությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ խնդրելով դադարեցնել տեղական ծաղկային արտադրանքի հավաստագրումը մինչև երկկողմ բանակցությունների անցկացումն ու նշված հարցի պարզաբանումը», — հայտնել են գերատեսչությունից։