«Ռոսսելխոզնադզոր»-ը կստուգի Հայաստանի մի շարք ձեռնարկություններ
18 Մայիսի 2026, 10:00
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Տիգրան Պետրոսյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է մի քանի հայկական ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու պայմանավորվածության մասին։
«Ռոսսելխոզնադզոր»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմի խնդրանքով՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը նաև կստուգի այն ձեռնարկությունները, որոնց առաքումները Ռուսաստան կասեցվել էին «կեղծ, ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող ձկնամթերքի կասկածելի ներմուծման պատճառով»։
«Ներմուծված ծիածանափայլ իշխանի, այդ թվում՝ լուսանկարների նախնական ստուգումը և վերլուծությունը «Ռոսսելխոզնադզոր»-ում կասկածներ են առաջացրել արտադրանքի արտադրության համար օգտագործված հումքի ծագման վերաբերյալ։ Անասնաբուժական փաստաթղթերում հայտարարագրված ծիածանափայլ իշխանը ձևաբանական բնութագրերով չէր համապատասխանում ներմուծված ձկանը։ Այն ուներ այս տեսակի համար ոչ տիպիկ գունավորում և անբնականորեն մեծ քաշ՝ ավելի քան 5,5 կգ։ Սա ցույց է տալիս, որ ձուկը պատկանում էր սաղմոնի այլ ընտանիքի կամ այլ տեսակի»,-ասված է ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձեռք բերված համաձայնություններից հետո և հայկական կողմի խնդրանքով, «Ռոսսելխոզնադզոր»-ը նախատեսում է ստուգել Հայաստանի բուսաբուծական ձեռնարկությունները՝ ապահովելու համար իսկապես հայկական և բուսասանիտարական առումով անվտանգ արտադրանքի մատակարարումը։
«Ծառայությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան ներմուծվող կարանտինային արտադրանքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից կարանտինացված օրգանիզմների հայտնաբերման աճող թվի վերաբերյալ»,-նշել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։
Բացի այս, հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ներկայում ծառայության տարածքային գրասենյակը ուժեղացրել է Հայաստանից Ռուսաստան մատակարարվող կարանտինային ապրանքների բուսասանիտարական վերահսկողությունը։