Ռուսաստանում կարող են արգելել միգրանտներին աշխատել հիվանդանոցներում և տաքսի ծառայություններում

18 Օգոստոսի 2026, 18:29

Քաղաքականություն

Միգրանտները չպետք է աշխատեն սոցիալական ոլորտում և տաքսի ծառայություններում։ Այս մասին ՏԱՍՍ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը։

«Միգրանտներին պետք է արգելվի աշխատել սոցիալական ոլորտներում։ Շատ շրջաններ արդեն իսկ նման սահմանափակումներ են մտցրել։ Նրանք անելիք չունեն կրթության ու առողջապահության ոլորտներում, ինչպես նաև մեր քաղաքացիներին տաքսիով փոխադրելու գործում»,- ասել է Միրոնովը։

Նա նշել է, որ միգրանտները հաճախ ռուսերեն լեզվին չեն տիրապետում, իսկ օտարերկրյա տաքսու վարորդները «չգիտեն քաղաքը» և խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները։

Կուսակցության նախագահը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է վերացնել արտոնագրային համակարգը։ Պատգամավորի խոսքով՝ միգրանտները հաճախ արտոնագիր են ձեռք բերում, սակայն դրանից հետո չեն աշխատում։

«Այս հարցում անհրաժեշտ է ներդնել կազմակերպված հավաքագրման համակարգ», — ընդգծել է Միրոնովը։