Ռուսաստանը չի հավատում Փաշինյանին և կոնկրետ քայլեր է պահանջում․ Տիգրան Քոչարյան
07 Օգոստոսի 2026, 22:28
Ռուսաստանի Դաշնությունը չի հավատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրանից կոնկրետ քայլեր է պահանջում։ Այս մասին «Alpha News»-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։
«Մոսկվայի պահանջը հստակ է՝ անցկացնել հանրաքվե, որտեղ հայ ժողովուրդը պետք է որոշի՝ պատրաստ է արդյոք զրկանքներ կրել Փաշինյանի արտաքին քաղաքական արկածախնդրությունների պատճառով, թե ոչ։ Ռուսաստանին այլ բան չի հետաքրքրում»,- նշել է նա։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակին՝ Տիգրան Քոչարյանը շեշտել է, որ Ռուսաստանի համբերության բաժակը լցվել է մի շարք իրադարձություններից հետո։
«Ռուսաստանը 3-4 տարի համբերատար դիմացավ Նիկոլ Փաշինյանի «ֆոկուսներին», խաբվելուն, Կապանում հյուպատոսություն բացելու խոստումը դրժելուն, ռուսական դպրոցների հետ կապված խոստումներին։ Անգամ աչք փակեց ռուսական փողերով եվրաինտեգրման գործընթացների վրա, բայց համբերությունը հատեց, երբ Հայաստանում անցկացվեց եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին մասնակցեցին Ռուսաստանին պատերազմ հայտարարած առաջնորդները։ Ավելին, այստեղ եկավ Զելենսկին և Ռուսաստանի հասցեին հայտարարություններ արեց նրա դաշնակցի տարածքից»,- նշել է Տիգրան Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այդ իրադարձությունն այն «թույլ կետն» էր, որտեղ ռուսական կողմի համբերությունը սպառվեց, և Փաշինյանի հետ հարաբերությունների վերականգնում այլևս չի լինելու։
«Նիկոլ Փաշինյանը կամ պետք է անի մի բան, որն իրեն եվրոպացիները չեն ների (ինչին ինքը չի գնա), կամ այս գործընթացը կշարունակվի մինչև Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն»,- եզրափակել է Տիգրան Քոչարյանը։