Ռուսաստանը պատրաստ է վերականգնել տնտեսական հարաբերությունները Եվրոպայի հետ․ Կիրիլ Դմիտրիև

22 Հոկտեմբերի 2026, 18:00

Կարծիք | Քաղաքականություն

ՌԴ նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Ստամբուլում անցկացվող Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի շրջանակում ընդգծել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև տնտեսական համագործակցության վերականգնման կարևորությունը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության մեկնարկի համատեքստում։

Նա նաև նշել է, որ Եվրոպայի համար էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունն այլընտրանք չունի՝ վառելիքային ճգնաժամից դուրս գալու համար։

«Այս համաժողովը չափազանց կարևոր է, քանի որ այն ավանդաբար շարունակում է մնալ Ռուսաստանի և Եվրոպայի միջև երկխոսության հարթակ։ Պարոն Պրոդիի ելույթը հավասարակշռված կերպով հաստատեց, որ կողմերի միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունները վաղ թե ուշ կվերականգնվեն։

Այսօր եվրոպական բիզնեսը մեծապես տուժում է Եվրամիության ղեկավարության վարած քաղաքականությունից։ Ռուսական շուկայից դուրս գալու հետևանքով ընկերությունները կորցրել են իրենց շրջանառության 20-30%-ը, բախվել ներքին անկայունության, իսկ ամենակարևորը՝ Ռուսաստանի էներգակիրների մատակարարումներից հրաժարվելու փորձերի պատճառով ստիպված են ավելի բարձր գին վճարել էներգառեսուրսների համար։

Չնայած դրան՝ եվրոպական բիզնեսի ներկայացուցիչները մասնակցում են համաժողովին և հեռանկարներ են տեսնում կապերի ու համատեղ նախագծերի վերականգնման համար։ Եվրոպացի բազմաթիվ գործարարներ մոտենում էին մեզ՝ շնորհակալություն հայտնելու երկխոսությունը շարունակելու համար։ Նրանք նաև հայտարարում էին, որ մտադիր են ազդել իրենց կառավարությունների վրա՝ ներկայիս քաղաքական կուրսը փոխելու նպատակով, քանի որ այն կործանում է իրենց բիզնեսը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կիրիլ Դմիտրիևը։

Նա նաև խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների վերականգնման հեռանկարների, ինչպես նաև էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում հնարավոր համատեղ նախագծերի մասին։

«Եվրոպայում զարմացած են և մտահոգված, որ կարող են դուրս մնալ բանակցությունների ու տնտեսական վերականգնման գործընթացից։ Այդ պատճառով քննարկման ընթացքում ակտիվորեն անդրադարձել են այն հարցին, թե ինչպես թույլ չտալ նման զարգացումը։ Մենք համագործակցության հեռանկարներ ենք տեսնում։ Նախագահը հիշատակել է ԱՄՆ ֆերմերների համար կենսական նշանակություն ունեցող՝ Ռուսաստանից պարարտանյութերի մատակարարումները։ Քննարկվել են նաև Արկտիկայում էներգետիկ նախագծերի իրականացումն ու համատեղ տվյալների կենտրոնի ստեղծումը, քանի որ Ռուսաստանում արհեստական բանականության համար անհրաժեշտ ռեսուրսն աշխարհում ամենաէժանն է։

Թեև ռուս-ամերիկյան համագործակցության հակառակորդներն ու կողմնակալ լրատվամիջոցները հարձակումներ են գործում նման նախաձեռնությունների դեմ, մենք կոնկրետ նախագծերի՝ պարարտանյութերի, դիզելային վառելիքի և տեխնոլոգիաների միջոցով ճեղքում ենք այդ տեղեկատվական պատնեշը։

Մեր փաստարկը պարզ է․ Եվրոպայի համար դժվար կլինի առարկել, օրինակ, դիզելային վառելիքի մատակարարման նույն գործարքի դեմ, եթե վերջինս ընդամենը վերջին չորս տարում Ռուսաստանից 320 միլիարդ եվրոյի էներգակիրներ է գնել»,- ասել է Դմիտրիևը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև էներգետիկ համագործակցությունը կշարունակի զարգանալ, և այդ գործընթացին կարող է միանալ նաև Եվրոպան։ Նա հավելել է, որ համապատասխան պահանջարկի առկայության դեպքում Ռուսաստանը պատրաստ է քննարկել եվրոպական երկրներին դիզելային վառելիքի մատակարարման հնարավորությունը։

«Կարծում եմ՝ համապատասխան հարցումների դեպքում դա միանգամայն հնարավոր է։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ Եվրոպան իսկապես տուժում է էներգակիրների չափազանց բարձր ծախսերից։ Եվրոպական բազմաթիվ ընկերություններ և քաղաքացիներ պարզապես ի վիճակի չեն իրենց թույլ տալ այդքան բարձր ծախսեր։

Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում վառելիքային ճգնաժամ է, և այն միայն խորանալու է։ Հետևաբար, Եվրոպան փորձում է հույսը դնել պատահական բարենպաստ հանգամանքների վրա՝ վառելիքային ճգնաժամից դուրս գալու համար։ Սակայն Եվրոպայի համար կա միայն մեկ լուծում՝ Ռուսաստանի հետ էներգետիկ գործընկերությունը», -եզրափակել է Կիրիլ Դմիտրիևը։