ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում. Արամ Վարդևանյան

26 Հունիսի 2026, 11:13

Քաղաքականություն

ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում։ Այս մասին Սահմանադրական դատարանի բակում լրագրողներին ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Եթե իրենց պատկերացմամբ  ժամանակակից եվրոպական դեմոկրատական չափանիշն այն է, որ ձայների փոշիացման շնորհիվ իշխանություն ձևավորելը, ըստ ԿԸՀ արձանագրության, բավարար է հաղթանակ արձանագրելու համար, քավ լիցի, թող դա լինի իրենց կարծիքը»,- նշել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ ՍԴ-ն ունի մեկ առաքելություն՝ արձանագրելու զանգվածային և կազմակերպված բնույթ կրող ընտրախախտումների փաստը:

«Դա ակնհայտ է, ու բոլորի աչքի առաջ է եղել՝ թե՛ ատելության խոսքը, թե՛ վարչական ռեսուրսի չարաշահումն ու ընդհանրապես ԿԸՀ-ի անկախության իսպառ դեֆիցիտը:

ԿԸՀ-ն և ՍԴ-ն անկախության լրջագույն խնդիրներ ունեն, ի վերջո հաշվի առեք՝ Սահմանադրական դատարանի դատավորը անձ է, ով մինչև վերջերս ՔՊ-ում եղել է առանցքային բնույթի ներկայացուցիչ, համանման իրավիճակ էլ ԿԸՀ-ի դեպքում է առկա»,- նշել է Վարդևանյանը:

Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը չի դիմել ՍԴ դատարան վիճարկելու ընտրության արդյունքները, Վարդևանյանը ընդգծել է, որ իր կարծիքով նրանք ևս ունեն այն տեղեկանքը, որ այդքան թմբկահարված ընտրակաշառքները իրականում չեն եղել: