Սիլիկոնյան հովտի հայ հանճարը․ Դավիթ Յան
03 Հունիսի 2026, 22:15
Դավիթ Յանը ծնվել է 1968 թվականի հունիսի 3-ին Երևանում՝ ֆիզիկոսների ընտանիքում։ Նրա հայրը՝ Յան Շինը, չինացի է, մայրը՝ Սիլվա Աշոտովնան, հայուհի է։ Երկուսն էլ աշխատել են Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։
Վաղ տարիքից նա հետաքրքրված էր ճշգրիտ գիտություններով։ Սովորել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում։ 1985 թվականին ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, որտեղ ստացել է հիմնարար կրթություն ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում։
Դեռ ուսանողական տարիներին Յանը զբաղվում էր ծրագրավորմամբ։ 1989 թվականին Ալեքսանդր Մոսկալյովի հետ հիմնադրել է «Bit Software» ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է ABBYY։ Ընկերության առաջին արտադրանքը «Lingvo» էլեկտրոնային բառարանն էր, իսկ ավելի ուշ ստեղծվել է «FineReader» ծրագիրը, որը դարձել է տեքստերի օպտիկական ճանաչման ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը։ Այս մշակումները ընկերությանը բերել են միջազգային ճանաչում և հնարավորություն տվել դուրս գալ եվրոպական ու ամերիկյան շուկաներ։
ABBYY-ն ժամանակի ընթացքում վերածվել է գլոբալ կորպորացիայի՝ գրասենյակներով 13 երկրներում և վաճառքներով աշխարհի ավելի քան 150 պետություններում։ «FineReader»-ն ու «Lingvo»-ն դարձել են տեքստերի մշակման և թարգմանության ամենահայտնի ծրագրերից, իսկ Դավիթ Յանը՝ տեխնոլոգիական ձեռնարկատիրության խորհրդանիշ։
2003 թվականին նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նրա գիտական աշխատանքը նվիրված էր ձեռագիր տեքստերի ավտոմատ ճանաչման մեթոդներին։
ABBYY-ից բացի, Յանը հիմնել և զարգացրել է նաև «iiko» ռեստորանային ավտոմատացման համակարգը և Yva.ai հարթակը, որը արհեստական բանականության միջոցով վերլուծում է թիմային դինամիկան։
Նրա գործունեության հիմքում մշտապես եղել է տեխնոլոգիաների և բիզնեսի համադրությունը։ Յանը հաճախ է ընդգծել, որ հանճարեղ գաղափարն ինքնին ոչինչ են, եթե չկան մարդիկ, որոնք պատրաստ են այն կյանքի կոչել։
2001 թվականին նա արժանացել է ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտի մրցանակին։ 2021 թվականին Forbes-ը նրան ընդգրկել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում՝ գնահատելով նրա կարողությունը մոտ 700 միլիոն դոլար։
Այսօր Դավիթ Յանը շարունակում է ակտիվորեն զբաղվել նոր տեխնոլոգիաների զարգացմամբ, մասնակցում է միջազգային համաժողովների, կիսվում է կառավարման փորձով և արհեստական բանականության կիրառման վերաբերյալ իր գիտելիքներով։
Նրա կենսագրությունը վառ օրինակ է, թե ինչպես գիտական հետաքրքրասիրությունն ու ձեռնարկատիրական համարձակությունը կարող են փոխել աշխարհը՝ ուսանողական նախագիծը վերածելով համաշխարհային կորպորացիայի։