Ստեփան Աղաջանյան. Շուշին սրտում կրող դիմանկարիչը

16 Դեկտեմբերի 2024, 23:34

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

«Եվրոպայից միայն Եվրոպան է երևում, իսկ Շուշիից և՛ Եվրոպան է երևում, և՛ աշխարհի մյուս կողմերը»։ Այս տողերի հեղինակը նկարիչ, դիմանկարների վարպետ Ստեփան Աղաջանյանն է։

Նա ծնվել է 1863 թվականին Շուշի քաղաքում։ Սովորել է Շուշիի թեմական դպրոցում (1872-1881) և ռուսական ռեալական ուսումնարանում։

Աղաջանյանն օժտված էր նկարչական տաղանդով, նկարչությունն անկասկած նրա կյանքի գործն էր։
Հիմնավոր նկարչական կրթությունը ստացել է 1886-1890 թվականներին Մարսելի նկարչական ստուդիայում, ապա Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում, որտեղ դասեր է առել Ժան Պոլ Լորանսից և Ժան Ժոզեֆ Կոնստանից։

1900 թվականին նկարիչը վերադարձել է Շուշի և հենց այնտեղ էլ նկարում է իր հայտնի գործերից շատերը, մասնավորապես՝ հոր և մոր դիմանկարները, որոնք այժմ ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

1903-1922 թվականներին ապրել է Դոնի Ռոստովում և նկարչություն դասավանդել դպրոցներում։ 1922թ. տեղափոխվել է Երևան, որտեղ շարունակել է զբաղվել ուսուցչական գործունեությամբ Երևանի գեղարվեստի ուսումնարանում (1922 — 1940թթ.) և նկարել իր լավագույն նկարների մեծ մասը:

Աղաջանյանը կերտել է իր ծողների դիմանկարը, նկարել է բանաստեղծուհի Մարիետա Շահինյանին, դրամատուրգ Էմին Տեր-Գրիգորյանին և բազմաթիվ այլ հայտնի արվեստի գործիչների։ 1912-ից պատկերել է մանկական դիմանկարներ, ինչը հազվադեպ էր հայ կերպարվեստում։

1951թ. Մոսկվայում Հայաստանի մշակույթի տանը կազմակերպվել է Ստեփան Աղաջանյանի ստեղծագործությունների հետմահու ցուցահանդեսը: Նկարչի աշակերտներից մեկը շատ ջերմ ակնարկ է թողել իր մանկավարժի մասին. «Իմ կյանքում խորը հետք է թողել սիրելի Ստեփան Աղաջանյանը ՝ որպես մանկավարժ, մարդ և նկարիչ: Նրա անունը հայտնի է մեր Միության սահմաններից դուրս։ Նկարիչ-գեղանկարչի վարպետությունը բարձր են գնահատել և գնահատում արվեստի իսկական գիտակները Ֆրանսիայում՝ Փարիզում, որտեղ սովորել է Հայաստանի մեծ նկարիչը»։

1938 թվականին նա արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչմանը։
Ստեփան Աղաջանյանը մահացել է 1940 թվականի դեկտեմբերի 13-ին։ Նրա հիշատակին Երևանի կենտրոնական փողոցներից մեկում՝ Աբովյան 41 հասցեում, տեղադրվել է հուշատախտակ:

Հիմա եթերում