Թրամփի հայտարարություններից հետո դանիացիների համար ԱՄՆ-ը դարձավ թշնամի. Բյուրակն Իշխանյան
12 Մարտի 2025, 21:50
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մասը և ընդգծել դրա ռազմավարական կարևորությունն ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից: Իր հերթին Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեն հայտարարել է, որ կղզին չի վաճառվում և երբեք չի վաճառվի:
Թրամփը մինչ օրս չի հրաժարվել Գրենլանդիայի տարածքի նկատմամբ հավակնություններից և շարունակում է Դանիային սպառնալ առևտրային պատերազմով:
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Կոպենհագենում բնակվող գրող Բյուրակն Իշխանյանի հետ:
«Դանիացիները շատ մտահոգ են: Ոչ թե կղզին կորցնելն է մտահոգիչ, այլ Թրամփի՝ ոչ մի զիջում չհանդուրժող հռետորիկան: ԱՄՆ-ը Դանիայի դաշնակիցն է, այստեղ շատ դրական վերաբերմունք կար ԱՄՆ-ի վերաբերյալ, բայց Թրամփի հայտարարությունից հետո դա փոխվեց, ԱՄՆ-ն դարձավ թշնամի»,- նկատել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ հնարավոր է Դանիան պատժամիջոցների տակ հայտնվի, եթե ընդդիմանա Թրամփի որոշումներին:
«Մարդիկ սկսել են բոյկոտել Ամերիկայի արտադրանքը: Շատ ավելի մեծ վախ կա, որ սա տնտեսական հետևանքներ կունենա Դանիայի համար: Կղզին չտալու արդյունքում հնարավոր է սանկցիաների տակ հայտնվի Դանիան: Գրենլանդիան միշտ ընկալվել է որպես գրենլանդացիների հայրենիք, Դանիան կղզին գաղութացրել է: Կա ինչ-որ տեսակի կոնսենսուս, որ մի օր կղզին այսպես թե այնպես պիտի անկախանա»,- ասել է Բյուրակն Իշխանյանը:
Ինչ վերաբերում է Դանիայի հայ համայնքին, ապա, ըստ բանախոսի, նրանք անտարբեր են Գրենլանդիայի ճակատագրով:
«Հայ համայնքում այս թեմայի շուրջ որևէ քննարկում չկա: Համայնքին առանձնապես չի հետարքրում Գրենլանդիայի հարցը»,- նշել է Բյուրակն Իշխանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։