Թրամփը կրկին կանգնած է բանակցությունների և էսկալացիայի միջև ընտրության առաջ․ Մալեկ Դուդակով

Քաղաքագետ, ամերիկագետ Մալեկ Դուդակովն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի շրջագայությունից ստիպված է վերադառնալ դատարկաձեռն։

«Դոնալդ Թրամփի վարչակազմը լրջորեն հույս ուներ պայմանավորվել Չինաստանի հետ և ինչ-որ կերպ համոզել Պեկինին ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի վերջինս ավելի պատրաստակամ լինի Հորմուզի նեղուցի բացման հարցում»,- ասել է Դուդակովը։

Քաղաքագետի խոսքով՝ Թրամփը կրկին կանգնած է բանակցությունների և էսկալացիայի միջև ընտրության առաջ։

«Այժմ Թրամփը կա՛մ պետք է իրատեսական պայմաններով համաձայնության գա Իրանի հետ և դրանից հետո կրճատի Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայությունը, կա՛մ գնա էսկալացիոն սցենարով։ Դա կարող է լինել կա՛մ սահմանափակ հրթիռային հարված Իրանի նկատմամբ՝ նրան ավելի զիջող դարձնելու նպատակով, թեև նախկինում ամերիկացիներին դա չհաջողվեց, կա՛մ էլ էսկալացիայի կտրուկ խորացում՝ մասնավորապես ոչ միայն Իրանի ուղղությամբ հարվածներով, այլ նաև ցամաքային գործողություններով իրանական ափերին կամ Հորմուզի նեղուցի կղզիներում։ Սակայն այս սցենարը չափազանց ռիսկային է ԱՄՆ-ի համար, քանի որ կհանգեցնի ամերիկյան զորքերի զգալի կորուստների»,- նշել է Դուդակովը։