Վրթանես Փափազյան․ Հայ ժողովրդի մեծանուն զավակներից մեկը

12 Ապրիլի 2025, 23:30

Հայեր

Ապրիլի 12-ը արձակագիր, գրաքննադատ, պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ Վրթանես Փափազյանի ծննդյան օրն է։

Փափազյանը ծնվել է 1864 թվականին Վան քաղաքում՝ Մեսրոպ վարդապետ Փափազյանի ընտանիքում։ Չորս տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ագուլիս, որտեղ ստացել է նախնական կրթությունը։ Նրա ճանապարհը դեպի գիտելիք շարունակվել է Թավրիզի հայկական դպրոցում և Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, այնուհետև Ժնևի համալսարանում՝ սովորելով գրականության և հասարակական գիտությունների բաժնում, որն ավարտել է 1894 թվականին։

Երկար տարիներ դասավանդել է Վանում, Թիֆլիսում, Թեհրանում, Շուշիում, Բուխարեստում, Բուրսայում և այլն։ Վրթանես Փափազյանը նաև զբաղվել է լուսանկարչությամբ, եղել է հեռագրիչ, խմբագիր։ Մասնավորապես, խմբագրել է «Կռիվ» (1894), «Շավիղ» (1894-96), «Ղարաբաղ» (1911-12) թերթերը, հանդես եկել հոդվածներով:

Իր կյանքի ընթացքում նա համագործակցել է մի շարք հայալեզու ռուսական և եվրոպական հրատարակությունների, այդ թվում՝ «Արձագանք» ամսագրի և «Մշակ», «Մուրճ» թերթերի հետ։ Անդրադարձել է նաև տարբեր ժողովուրդների բանահյուսությանը, պատմությանը։ «Հայ բոշաներ» (1899) ազգագրական ուսումնասիրության համար ընտրվել է Մոսկվայի կայսերական ազգագրական ընկերության անդամ (1900)։

Վրթանես Փափազյանը եղել է Արևմտյան Հայաստանում հայ ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից։ Ռուսամետ հայացքների և հակաօսմանական քարոզչության համար դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, բայց հետո ազատ է արձակվել։

Վրթանես Փափազյանի ստեղծագործությունը ձոն է թուրքական վարչակարգի կողմից ճնշված հայերի պայքարին և տոկունությանը: Նա ստեղծել է վեպեր, դրամաներ, գրական ստեղծագործություններ, որոնցից առավել նշանավոր են «Նամակներ թուրքաց Հայաստանից» և «Հայ գրականության պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը» ծավալուն աշխատությունները։

Տոլստոյի, Սալտիկով-Շչեդրինի և Նիցշեի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները մշակութային փոխանակման կամուրջ են դարձել։ Թեև խորհրդային քննադատությունը նրան երբեմն մեղադրում էր «մանրբուրժուականության» մեջ, Վրթանես Փափազյանի գրական ժառանգությունը շարունակում է արդիական մնալ մինչ օրս: