Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
16 Ապրիլի 2025, 17:30
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին Ռուսաստանի հայերի միության ջանքերով Կրասնոդարի տարբեր հատվածներում տեղադրվել են վահանակներ, որոնք քաղաքի բնակիչներին հիշեցնում են մարդկության դեմ հրեշավոր հանցագործության՝ հայերի ցեղասպանության մասին։
Վահանակները նախատեսված են տեղեկացնելու նրանց, ովքեր չգիտեն, և հիշեցնելու նրանց, ովքեր մոռացել են, թե ինչպես են փորձել ջնջել մի ամբողջ ազգ երկրի երեսից։
«Այսօր՝ աշխարհի համար դժվարին օրերին, երբ հավաքական չարիքը վերաշարադրում և վերափոխում է մարդկության պատմությունը, երբ Հայաստանի իշխանություններն, աջակցելով Անկարային և Բաքվին, փորձում են մոռացության մատնել մեր հիշողությունը, մեր պատմությունը, երբ հայ ժողովուրդը կրկին կանգնած է գոյատևման և ազգային պետականության պահպանման առջև, այդ վահանակները դառնում են ոչ միայն հիշեցում, այլև վկայություն այն մասին, որ ոգու մեծությունն ու հավատն Աստծուն մեզ դարձնում են ուժեղ և անպարտելի», — ասված է ՌՀՄ-ի հաղորդագրությունում: