Վստահ ենք՝ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական իրավունքը կհարգվի․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմ
12 Օգոստոսի 2026, 10:47
Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդն է Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։
«Աղոթական սրտով և հոգևոր խորհրդածությամբ՝ Թեմական խորհուրդը և Առաջնորդ Սրբազան Հայրը ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, մինչ մեր Եկեղեցին և ազգը դիմագրավում են աննախադեպ ժամանակներ, որոնք տարաբնույթ զգացումներ են առաջացնում թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում ապրող հայության շրջանում։
Որպես քրիստոնյաներ՝ հավատում ենք Աստծո կամքին և Նրա աստվածային նախախնամությանը, որով Նա հոգ է տանում Իր արարչության մասին։ Սուրբ Գրքում Գամաղիելն էլ հաստատում է այս միտքը՝ ասելով. «Եթե այս խորհուրդը կամ գործը մարդկանցից է, կխափանվի, իսկ եթե Աստծուց է, չեք կարող այն կանխել» (Գործք Առաքելոց 5։38-39)։
Նույնպես, մեր հավատքի կյանքում առանցքային տեղ են զբաղեցնում արդարությունն ու իրավունքը, որոնք բացարձակ արժեքներ են։ Երեմիա մարգարեն մեզ հորդորում է. «Իրավունք և արդարություն գործե՛ք» (Երեմիա 22։3)։
Մենք անկեղծորեն վստահում ենք Աստծո կամքին և հավատարիմ ենք մնում արդարության ու իրավունքի արժեքներին։ Ուստի վստահ ենք, որ ճշմարտությունը կհաղթանակի, և թե՛ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, թե՛ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական իրավունքը կպահպանվեն ու կհարգվեն։
Ուստի անսասան մնանք աղոթքի մեջ և առաջնորդվենք հաշտության ու ներողամտության ոգով, ինչպես վայել է ճշմարիտ քրիստոնյաներին»,- նշված է հայտարարությունում։