Ղազախստանի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի․ Անդրանիկ Հովհաննիսյան

Ղազախստանը փորձում է զարգացնել հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Alpha News-ի ուղիղ եթերում այսպիսի կարծիք է հայտնել արևելագետ, միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։

«Ղազախստանի նախագահի այս այցը նվիրված էր հայ-ղազախական հարաբերությունների 25-ամյակին։ Մի քանի շաբաթ առաջ էլ Ղազախստանի նախագահ Տոկաևը Բաքվում էր գտնվում, ու մենք սա կարող ենք համարել որպես Ղազախստանի արտաքին քաղաքականության մի մաս, որ իրենք փորձում են բալանսավորված քաղաքականություն վարել։ Այսինքն՝ հասկանալով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան լարված հարաբերություններ, իրենք փորձում են այցելել և՛ Բաքու, և՛ Երևան ու դրանով ցույց են տալիս, որ իրենք տրամադրված են զարգացնել իրենց հարաբերությունները երկու պետությունների հետ՝ չնայած այն հանգամանքին, որ այդ երկու պետությունների միջև կա որոշակի լարվածություն»,- ասել է մեր զրուցակիցը։

Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծել է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար նոր միջնորդ են փնտրում ու Ղազախստանն է փորձում այդ դերում հանդես գալ։

«Ակնհայտ է՝ Ադրբեջանը չի ցանկանում արևմտյան պլատֆորմերը օգտագործել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերադարձնել ռուսական պլատֆորմերին, բայց ՀՀ այսօրվա իշխանությունները չեն ցանկանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանին տեսնել որպես միջնորդ։ Այսինքն՝ սա մի պահ է, երբ նոր միջնորդներ են պետք։ Որպես նոր միջնորդ՝ տեսնում ենք, որ Ղազախստանն է փորձում իրեն այդպես դրսևորել»- նշել է միջազգայնագետը։

Նրա խոսքով՝ Ղազախստանին պետք է խաղաղություն Հարավային Կովկասում, որը բխում է նաև իր շահերից։

«Ղազախստանի համար շատ կարևոր է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի։ Նրա համար միևնույն է՝ այդ խաղաղութունն ում հաշվին կլինի, ում շահերին վնաս կհասցվի։ Իր համար կարևորն այն է, որ այդ խաղաղությունը լինի, որովհետև Ղազախստանն այս պարագայում զբաղված է իր տրանսպորտային լոգիստիկայի դիվերսիֆիկացիայի հարցով։ Դրա համար իր համար կարևոր է, որ խաղաղություն լինի Հարավային Կովկասում, որտեղով անցնում են հիմնական ճանապարհները, քանի որ այն ճանապարհները, որոնք նախկինում անցնում էին ՌԴ տարածքով, Ուկրաինայի տարածքով, արդեն երկու տարի է՝ փակված են։

Հարավային Կովկասն այսօր Ղազախստանի համար մեծ ու կարևոր դեր ունի։ Ճանապարհները գալիս են Ղազախստանից, Կասպից ծովով հասնում են մինչև Ադրբեջան, Ադրբեջանից Վրաստանով գնում են երկու ճանապարհով՝ կամ Սև ծովով հասնում են Եվրոպա, կամ որպես երկրորդ տարբերակ՝ օգտագործում են թուրքական ճանապարհը։ Ղազախստանում հաշվի են առնում այն իրավիճակը, որ առկա է Վրաստանում, ուստի չի ցանկանում իր ամբողջ ճանապարհները միայն Վրաստանով անցկացնել։ Այնտեղ իրավիճակը բավականին վտանգավոր է։ Ինքը փնտրում է այլ ճանապարհներ»,- ասել է Անդրանիկ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնական Աստանայի համար կարևոր չէ, թե այդ խաղաղությունն ինչ գնով կլինի՝ պատերազմի՞, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի՞», թե՞ մեկ այլ։