Նարեկ Կարապետյանին աբսուրդային մեղադրանք է առաջադրվել. Արամ Վարդևանյան

23 Հուլիսի 2026, 16:10

Քաղաքականություն

Ոչ մի նոր բան չկա, այսինքն՝ խոսում ենք աբսուրդային մեղադրանքի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանն անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին:

«Ինչպես երեկ ներկայացրել էինք, կալանավորման հարց ընդհանրապես չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո: Մյուս կողմից՝ կան այնպիսի ինտենսիվ խափանման միջոցներ, իհարկե, ոչ համեմատության մեջ կալանքի հետ, սակայն բացակայելու արգելքն ու գրավը՝ որպես խափանման միջոցներ, որոնք իրենց դատավարական հեռանկարը չունեն և դրանց վերաբերյալ նաև դատավարական վերաբերմունք պետք է լինի, այդ թվում՝ հնարավոր բողոքարկման մասով»,-նշել է նա:

Փաստաբանն ընդգծել է՝ Նարեկ Կարապետյանին իրավաբանության հետ կապ չունեցող մեղադրանք է առաջադրվել:

«Քննչական կոմիտեն է նշված գործողությունները կատարել, Դատախազությունն էլ այսօր հայտարարությունը տարածել է: Այստեղ ի՞նչն է հետաքրքիր: Տեսեք՝ իրենք ի սկզբանե խոսում էին կալանքի մասին, նույնիսկ նման միջնորդություն էին ներկայացրել:

Ինչպես տեսնում եք՝ երբ կալանք չի կիրառվում, դրանից արդարադատությունը, իրավաբանությունը փուլ չի գալիս, պարզապես կարելի է մի փոքր կարևորել իրավունքի գերակայությունը և, առիթից օգտվելով, ազատություն մաղթենք բոլոր քաղբանտարկյալներին»,-հավելել է Արամ Վարդևանյանը: