Ընտրական ծրարները եղել են թափանցիկ՝ խախտելով գաղտնիությունը․ Արամ Օրբելյան
01 Հուլիսի 2026, 15:05
Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննության շրջանակներում փաստաբան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է քվեարկության գաղտնիության խախտումներին, մասնավորապես՝ ընտրական ծրարների լուսաթափանցելիության խնդրին, ինչպես նաև վարչական ռեսուրսի զանգվածային կիրառմանը և մանդատների բաշխման հնարավոր սցենարներին։
«Արդարադատության նախարարը և ՔՊ ներկայացուցիչը տարակուսում էին, թե ընդհանրապես քննությունն ինչի՞ համար է տեղի ունենում, քանի որ ասում էին, թե ո՞վ պիտի կանգնի և լույսի տակ նայի՝ ո՞վ ում է քվեարկել։ Հասկանալով, որ կարող է նման բան անեն, բերել էին ընդամենը մուգ ծրարները։ Ծրարի ներսի կողմում սև շերտ է արած, որպեսզի այն չթափանցի։ Բայց կային ծրարներ, որոնք լիովին թափանցիկ էին»,- նշել է Օրբելյանը։