Գարիկ Մարտիրոսյան․ Մարդ, ով փոխեց ռուսական հումորը

14 Փետրվարի 2025, 21:44

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Փետրվարի 14-ին Ռուսաստանի ամենապահանջված հումորիստներից մեկի Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրն է։ Նա նաև տաղանդավոր դերասան է, հեռուստահաղորդավար, շոումեն և երաժիշտ։ Մարտիրոսյանը հայտնի Comedy Club» շոուի համապրոդյուսեր և գեղարվեստական ղեկավարն է, «Նաշա Russia» և «Ծիծաղ առանց կանոնների» հայտնի հեռուստանախագծերի պրոդյուսեր։

Գարիկի անունը շոու-բիզնեսի աշխարհում դարձել է հաջողության հոմանիշ: Նա եղել և մնում է «Comedy Club»-ի հոգին՝ իր ինքնատիպ ոճով, հումորով ու հմայքով:

Գարիկ Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականին Երևանում։ Նրա հայրը՝ Յուրի Մարտիրոսյանը ինժեներ-մեխանիկ էր, մայրը՝ Ժասմինը, բժիշկ-գինեկոլոգ, գիտությունների դոկտոր։ Նրանց ընտանիքը մեծ հարգանք ուներ գիտելիքի հանդեպ, որն անկասկած ազդել է ապագա շոումենի անհատականության ձևավորման վրա։ Նրա տատիկն ու պապիկը զբաղվել են մանկավարժական գործունեությամբ և իրենց ներդրումն են ունեցել մշակույթի և գիտության զարգացման գործում։

Գարիկի եղբայրը՝ Լևոնը քաղաքական գործիչ է, դիվանագետ, եղել է Կանադայում ՀՀ դեսպանը։

Գարիկին երաժշտական դպրոցից հեռացրել են խուլիգանության համար, սակայն այդ անհաջողությունը միայն խթանել է նրա հետաքրքրությունը երաժշտության հանդեպ, իսկ ավելի ուշ նա սովորել է նվագել դաշնամուր, կիթառ և թմբուկ, ինչպես նաև սովորել է ստեղծել իր երաժշտությունը։

Գարիկն ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը և ստացել նյարդաբան-թերապևտի որակավորում, սակայն նրա կյանքում տեղի է ունենում զարմանալի շրջադարձ, երբ հանդիպում է Երևանի համալսարանի ՈւՀԱ թիմին։ Դա փոխել է Գարիկի ճակատագիրը՝ ճանապարհ հարթելով դեպի հումորի աշխարհ: Այսպիսով, սովորական բժշկից Գարիկ Մարտիրոսյանը դարձել է հայտնի շոումեն, ում ճանաչում և գնահատում են միլիոնավոր մարդիկ: