Սամվել Կարապետյանի դեմ գործը քաղաքական հետապնդում է, ապացույցներ չկան․ Ֆերոյան
20 Նոյեմբերի 2026, 21:17
Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է, իսկ դրանում իրավական գործընթացը հասցված է նվազագույնի։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Փաստաբանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը փորձել է ամեն ինչ անել՝ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ ստանալու համար։ Ֆերոյանը նշել է, որ վկան հաստատել է պարտավորությունների զիջման փաստը, որի արդյունքում բանկի՝ վարկերը հետ պահանջելու իրավունքները փոխանցվել են սկզբում Արցախի կառավարությանը, ապա՝ Արցախի ներդրումային հիմնադրամին։
Ֆերոյանի խոսքով՝ գործը քննող մարմինը, սակայն, տեղի ունեցածը ներկայացնում է որպես պարտավորությունների ներում։ «Ըստ մեղադրանքի վարկածի՝ դրա հետևանքով առաջացել են հարկային պարտավորություններ, որոնք չեն կատարվել, իսկ միջոցների օգտագործումը որակվել է որպես փողերի լվացում։
Բայց կան փաստաթղթեր, կառավարության և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումներ, որոնցում խոսքը զիջման մասին է, և հարկային պարտավորություն չէր կարող առաջանալ»,- ընդգծել է Ֆերոյանը։
Նա նաև պնդել է, որ մեղադրող կողմը խեղաթյուրում է գործի էությունը՝ Սամվել Կարապետյանին մեղադրելով ներգրավված անձանց գործողությունները կազմակերպելու մեջ՝ առանց որևէ ապացույցի։
«Այս բոլոր մեղադրանքները որևէ ապացույցով հիմնավորված չեն։ Սամվել Կարապետյանը սրա հետ որևէ առնչություն չունի, սա քաղաքական հետապնդում է»,- հայտարարել է փաստաբանը՝ հավելելով, որ վկայի հարցաքննությունն անցկացվել է Քրեական դատավարության օրենսգրքի խախտմամբ։