2022-ի սեպտեմբերին Ռուսաստանը դժվար վիճակում էր, ինչը պետք է հաշվի առնել․ Արման Գրիգորյան
09 Նոյեմբերի 2026, 12:04
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում ստեղծված իրավիճակը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այդ ժամանակ Ռուսաստանը Ուկրաինայում բավականին բարդ իրավիճակում էր հայտնվել։ Այս մասին Alpha News-ի մեդիակենտրոնում «Նպատակաուղղված շրջադարձ․ Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում և նոյեմբերի 9-ի համաձայնագրի ճակատագիրը» պանելային քննարկման ժամանակ նշել է ԱՄՆ Լիհայի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո Հայաստանում ավելի են սրվել Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների և անվտանգության համակարգի արդյունավետության վերաբերյալ քննարկումները։
«Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը բավականին բարդ իրավիճակում էր Ուկրաինայում։ Ակնկալել, որ միակ օգնությունը, որը մենք կարող էինք համարժեք համարել այդ իրադարձություններին, ռազմական միջամտությունն էր, կարծում եմ՝ ողջամիտ չէր»,- նշել է Գրիգորյանը։
Նա նաև նկատել է, որ Հայաստանի իշխանություններն ու նրանց մոտ կանգնած ուժերը Ռուսաստանի ցուցաբերած աջակցության բացակայությունը հետագայում օգտագործել են որպես փաստարկ՝ անվտանգության նախկին համակարգից հեռանալու և դեպի Արևմուտք շրջադարձը հիմնավորելու համար։
Արամ Գրիգորյանի խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ Հայաստանը շուրջ երկու տարի դիմադրել է նոյեմբերի 9-ի հայտարարության կատարմանը՝ խոչընդոտելով այն գործընթացներին, որոնց իրականացման պատասխանատվությունը ստանձնել էր Ռուսաստանը։