Քննչական կոմիտեն հերքել է տեղեկությունը, թե երկու զինվոր կրակել են միմյանց վրա

16 Սեպտեմբերի 2024, 19:46

Քաղաքականություն

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը սեպտեմբերի 15-ին ժամը 18:45-ի սահմաններում զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել է հրազենային վիրավորում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ, նրան վիրահատել են, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։

ՔԿ-ից տեղեացնում են, որ զննվել է դեպքի վայրը, առգրավվել անհրաժեշտ հետքեր ու առարկաներ, նշանակել փորձաքննություններ և հարցաքննվել են մի շարք անձինք։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները լիարժեքորեն պարզելու ուղղությամբ։

ՔԿ–ից նաև նշում են, որ զանգվածային լրատվության առանձին միջոցներում հրապարակված տեղեկատվությունն առ այն, որ մարտական դիրքում ժամկետային երկու զինծառայող կրակել են միմյանց վրա, իրականությանը չի համապատասխանում։