Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հայաստանը՝ որպես պետություն, այլևս գոյություն չունենա. Լևոն Պարոնյան
16 Հոկտեմբերի 2026, 23:45
Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն արդեն կատարվել են։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Լևոն Պարոնյանը։
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում որպես հիմնական նախապայման նշվում էր Արցախի հարցը, որը պետք է կարգավորվեր Ադրբեջանի պահանջներին համապատասխան։ Ըստ նրա՝ Հայաստանի գործող իշխանություններն այդ հարցն արդեն վերջնականապես փակել են։
«Երկրորդ նախապայմանն այն էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցն ընդհանրապես չպետք է արծարծվի։ Այսօր իշխանություններն այդ հարցը դուրս են բերել պետական օրակարգից։ Երրորդը Սփյուռքի թիրախավորումն էր. պնդում էին, թե Սփյուռքի գաղափարախոսությունը չի համապատասխանում Հայաստանի իրական շահերին։ Այսօր Սփյուռքին Հայաստանից ընդհանրապես անջատելն ու մեկուսացնելը դարձել է պետական քաղաքականության մաս»,- նշել է Պարոնյանը։
Հասարակական գործչի համոզմամբ՝ թուրքական կողմի բոլոր պահանջներն այժմ կատարված են, և մնացել է լուծել վերջին ազգային ինստիտուտի՝ Հայ Առաքելական Եկեղեցու հարցը։
«Քանի դեռ Հայաստանը գոյություն ունի որպես գործոն և հայկական պետականություն, այդ սահմանները չեն բացվելու։ Իսկ այն օրը, երբ Հայաստանը որպես պետություն այլևս գոյություն չունենա, միայն այդ ժամանակ սահմանները կբացվեն»,- նշել է Լևոն Պարոնյանը։