Ատոմային էներգետիկա, գազ և ճգնաժամի վտանգներ․ ինչպես ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մանևրելու փորձերը կանդրադառնան Հայաստանի վրա․ Անդրեյ Արեշև
16 Հոկտեմբերի 2026, 23:20
Քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Փաշինյանի և Մոսկվայի հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները, ԵՄ-ի ազդեցությունը Երևանի վրա, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանների հնարավոր վերանայումը, ինչպես նաև արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձի դեպքում Հայաստանի առջև ծառացող ռիսկերը։
«Պաշտոնական մակարդակում դեռևս որևէ բեկում չկա, սակայն «Ռոսատոմ»-ի ղեկավարը լավատեսական հայտարարություններ է արել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Նոր էներգաբլոկի կառուցման շուրջ որոշումները կարող են որոշ չափով նպաստել ռուս-հայկական հարաբերությունների ճգնաժամի հաղթահարմանը։ Ռուսաստանն առաջարկում է բավականին գրավիչ պայմաններ, իսկ Երևանը ֆինանսավորման հետ կապված հարցեր ունի, որոնք, հավանաբար, կլուծվեն ոչ հրապարակային ձևաչափով։ Կան նաև որոշ բացասական հանգամանքներ, սակայն դրական նորություններ են սպասվում», — ասել է քաղաքագետը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կոնցեսիայի և ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ ընդամենը բանակցային դիրքերն ամրապնդելու փորձեր են։
«Ամեն օր տարբեր հայտարարություններ են հնչում, այդ թվում՝ ՀԿԵ-ի կոնցեսիայի վերաբերյալ։ Որքանով կարելի է դատել՝ Հայաստանի իշխանությունները փորձում են նման հայտարարությունների միջոցով բարելավել իրենց բանակցային դիրքերը։ Սակայն իրականում արդեն պետք է հստակ որոշում կայացնել։ Ատոմակայանի կառուցումը երկարատև գործընթաց է, և բոլոր ժամկետները պետք է խստորեն պահպանվեն։
Ռուսաստանը նույնպես միաժամանակ մի քանի ուղղությամբ է գործում։ Միևնույն ժամանակ, ռազմաբազայի հարցը ատոմակայանի կառուցման հարցի հետ կապելը նպատակահարմար չէ։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը կառչած չէ այդ ռազմաբազայից՝ գիտակցելով, որ իրավիճակը տարածաշրջանում փոխվում է։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի և Հայաստանի համար փոխշահավետ ծրագրերը շարունակում են մնալ օրակարգում։ Տեսնենք՝ արդյոք ողջամտությունն ու պրագմատիկ մոտեցումը կհաղթանակեն», — նշել է Արեշևը։
Փորձագետի խոսքով՝ Երևանի գլխավոր նպատակն այս պահին գազի գների ձմեռային բարձրացումից խուսափելն է և ԵԱՏՄ շրջանակում գործող տնտեսական արտոնությունները չկորցնելը։
«Գազի գինը մեծապես որոշիչ նշանակություն կունենա։ Կարծում եմ՝ այս հարցը կապված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ավելի լայն համատեքստի հետ։ Մինչև դեկտեմբեր պետք է ներկայացվի մի փաստաթուղթ, որը կքննարկվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։ Այն վերաբերում է Հայաստանին, և դրա շրջանակում կարող են որոշումներ ընդունվել, այդ թվում՝ Հայաստանի հետագա անդամակցության համար անբարենպաստ որոշումներ։
Այդ դեպքում կփոխվեն ոչ միայն գազի գները, այլև բազմաթիվ այլ պայմաններ՝ ընդհուպ մինչև օդային հաղորդակցության և միգրացիայի հարցերը։ Հետևաբար, նախքան հայկական կողմը կփորձի որևէ մեկին շանտաժի ենթարկել ռազմաբազայի կամ երկաթուղու հարցով, անհրաժեշտ է հարյուր անգամ մտածել հնարավոր հետևանքների մասին», — ընդգծել է Արեշևը։
Քաղաքագետը նշել է, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև մանևրելու՝ Երևանի փորձերը կարող են ծանր հետևանքներ ունենալ հանրապետության համար։
«ԵՄ-ն փորձում է մեծացնել իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ժամանակավորապես նվազեցնելով արտահանման մաքսատուրքերը, սակայն մանրամասները մի շարք հարցեր են առաջացնում։ Սա կարող է ճնշման գործիք դառնալ։ Հայաստանի իշխանությունները ձգտում են խնդիրները լուծել դրանց ի հայտ գալուն զուգահեռ՝ ապրելով ներկայով։ Սակայն ներկայիս արագ փոփոխվող պայմաններում կարևոր է մտածել գոնե կես տարի կամ մեկ տարի առաջ»,- ասել է փորձագետը։