Ֆեդերացիայի պատճառով ամբողջ Եվրոպան վայելում է Հենրիխ Մխիթարյանի խաղը, բայց հայ երկրպագուն՝ ոչ. Արսեն Նիկողոսյան
14 Հոկտեմբերի 2024, 21:30
Մելիքբեկյան ու Նիկողոսյան Արմենները քանդել են հայկական սպորտը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է նախկին ֆուտբոլիստ Արսեն Նիկողոսյանը:
«Հայաստանի ազգային հավաքականը խայտառակ պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմից: Այս խայտառակությունն արդեն շարունակվում է 4 տարի, ինչ Մելիքբեկյան ու Նիկողոսյան Արմենները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն են: Այս խայտառակությունը ոչ միայն ազգային հավաքականի մակարդակով է, այլև՝ ակումբային։ Այս երևույթները պետք է անպայման հեռանան հայկական ֆուտբոլից, հայկական սպորտից, որովհետև նրանք քանդել են հայկական սպորտը»,- ասել է Արսեն Նիկողոսյանը:
Նրա խոսքով՝ պարտությունների մեղավորը մարզիչները չեն, այլ ֆեդերացիայի ողջ անձնակազմը:
«4 օր առաջ Հայաստանի ազգային հավաքականը Ֆարերյան կղզիների հետ էր խաղում, մի թիմի հետ, որը պրոֆեսիոնալ ֆուտբոլային ոչ մի բան չունի: Երբ Հայաստանի ազգային հավաքականի դարպաս երկրորդ գոլն են խփում, խփում է պրոֆեսիոնալ ձկնորս, ոչ թե պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Այդ մարդը մասնագիտությամբ ձկնորս է: Դա գաղտնիք չէ, Վիքիպեդիայում այդ ամեն ինչը կա: Այս ամենի հիմնական ու միակ մեղավորը ոչ թե մարզիչն է, այլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ողջ անձնակազմը, այդ թվում՝ Մելիքբեկյան ու Նիկողոսյան Արմենները, որոնք պետք է անհապաղ հեռանան զբաղեցրած պաշտոններից»,- նշել է մեր զրուցակիցը:
Նա ընդգծել է՝ բռնապետական ռեժիմ է հայկական ֆուտբոլում, շատերն աշխատանքից ազատվում են քաղաքական հայացքների պատճառով:
«Երեկ ֆեդերացիայի մոտ հնչել են հետևյալ պահանջները, որ Նիկողոսյան Արմենն ու Մելիքբեկյան Արմենը պետք է հեռանան ֆուտբոլի ֆեդերացիայից, պահանջը լինելու է շարունակական, մենք շարունակելու ենք պայքարել, որպեսզի այս երևույթները դուրս գան հայկական սպորտից, քանի որ նրանց պատճառով քանդվում է հայկական սպորտը: Այս մարդիկ նաև բռնապետական ինչ-որ ռեժիմի գաղափարակիցներ են, որովհետև նրանք աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքներ ունեցողների, օրինակ՝ դիտարկենք մրցավարական գործունեություն ծավալող մի անձի՝ Արթուր Թավաքալյանի,ում հեռացրել են աշխատանքից քաղաքական հայացքների համար:
Այսինքն՝ այս մարդիկ իրենց ամբողջ ունեցածը ներդրել են հայկական սպորտը քանդելու մեջ, հայկական սպորտը տանում են կործանման»,- նկատել է Արսեն Նիկողոսյանը:
Նա հավելել է, որ ճնշում է բանեցվում նաև ակումբային մակարդակներում, նույնիսկ ֆուտբոլիստներին մարզադաշտ չեն տրամադրում:
«Այս մարդիկ նույնը անում են ակումբային մակարդակում, որտեղ ավելի քաոսային է իրավիճակը, որովհետև եթե հավաքականները մասնակցում են միջազգային խաղերի, ապա հայկական ակումբները խաղում են հայկական առաջնություններում: Թիմեր կան, որոնց մարզադաշտ չեն տրամադրում, ազատ խոսքը փորձում են ոտնահարել, թիմերին վախեցնում են, դատի են տալիս, մի խոսքով՝ անհասկանալի այս երևույթները բռնապետական ռեժիմի տակ են պահում հայկական սպորտը»,- ահազանգել է նախկին ֆուտբոլիստը:
Նիկողոսյանը տեղեկացրել է, որ շարունակական գործողություններ են լինելու, մինչև Նիկողոսյան Արմենն ու Մելիքբեկյան Արմենը հեռանան ֆեդերացիայից:
«Նրանց պատճառով է, որ ամբողջ Եվրոպան վայելում է Հենրիխ Մխիթարյանի խաղը, բայց հայ երկրպագուն չի կարողանում արժանանալ Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ ֆուտբոլին ականատես լինելուն: Այս մարդիկ եկել են հայկական սպորտը քանդելու, կեղեքելու, թալանելու»,- եզրափակել է Արսեն Նիկողոսյանը: