Նույնիսկ թրքացումն այնքան վտանգավոր չէ, ինչքան թրքաբարո քաղաքականություն վարելը. Ռոլանդ Շառոյան

23 Հոկտեմբերի 2024, 13:00

Կարծիք | Քաղաքականություն

Չեմ հավատում, որ միայն հոգևոր-մշակութային պայքարի վրա հենվելով, առանց քաղաքական պայքար մղելու՝ հնարավոր է հասնել ինչ-որ հաջողության։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է գրող-հրապարակախոս, ՀՀ մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը:

«Բոլորը իրավիճակին ծանոթ են, գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, չակերտավոր ասված՝ Հայաստանի Հանրապետությունում, որովհետև ես Երևանում չեմ զգում, որ ապրում եմ ՀՀ-ում: Ես ապրում եմ մի տեղ, որտեղ դեռ հայեր շատ կան: Քաղաքական ձևակերպումներով՝ կարծում եմ, որ այս ամենը չի կարող երկար տևել: Այսպես մենք ապրում ենք իբրև թե Հայաստանի Հանրապետությունում:

Մեր քաղաքական իմացությունները շատ խղճուկ են՝ որպես ժողովուրդ, ազգ: Մարդիկ մեծ ցանկությամբ գնում են միտինգի, դիմություն-ընդդիմությունն էլ խոսում է հեռուստատեսությամբ, բայց արդյունք չի լինում։ Սրբազան շարժման մեջ էլ արդյունք չկա, քանի որ քաղաքական պայքարի նշույլ չկա դրանում։ Ես չեմ հավատում՝ այս տարում միայն հոգևոր-մշակութային պայքարի վրա հենվելով, առանց քաղաքական պայքար մղելու՝ հնարավոր է հասնել ինչ-որ հաջողության»,- նկատել է Ռոլանդ Շառոյանը:

Նրա խոսքով՝ մարդիկ ուզում են լավ ապրել, դրա համար բոլորն ընդդիմությանը շտապեցնում են:

«Գուցե ժամանակն ուղղակի խեղդում է, որովհետև մարդիկ ուզում են լավ ապրել, և ընդդիմությանն ասում են՝ բա ինչի չեք անում սա, այսպես արեք, այնպես արեք: Պիտի գիտակցել, որ առանց քաղաքական պայքարի սկզբունքներին տիրապետելու, առանց քննարկելու և գտնելու, թե քաղաքական ինչպիսի պայքար պիտի մղես, որ կարողանաս հաղթել, հնարավոր չէ ոչնչի հասնել»,- ասել է մեր զրուցակիցը:

Շառոյանը վատ կանխազգացում ունի, որ այս ամենին հաջորդելու է թրքացումը:

«Կարծում եմ, որ այս պայքարը կլինի վերջինը, եթե հաջողության չհասնենք: Սպասվում է թրքացում ու թրքաբարո քաղաքականություն: Նույնիսկ թրքացումն այնքան վտանգավոր չէ, ինչքան թրքաբարո քաղաքականություն վարելը: Այս ժողովուրդը չի կարող թրքաբարո քաղաքականություն վարել, ուղղակի չի կարող: Եթե եկան, լցվեցին, այդ մարդկանց պիտի տեղ տալ, բայց առնվազն ԱՄՆ-ի 70 տոկոսի չափ հզոր պետություն պիտի լինես, որ կարողանաս բազմազգ պետություն կառավարել»,- եզրափակել է Ռոլանդ Շառոյանը: