Արշիլ Գորկու աշխատանքների ցուցահանդեսն՝ ԱՄՆ-ում
27 Հոկտեմբերի 2024, 10:34
Նյու Յորքի հանրահայտ Hauser & Wirth պատկերասրահում մինչև նոյեմբերի 2-ը կցուցադրվեն ամերիկահայ նկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Արշիլ Գորկու 17 աշխատանքները:
Ցուցահանդեսին ներկայացված է նաև քարտեզ՝ քաղաքի տարածքներով, որոնք կապված են նկարչի անվան հետ, ով Նյու Յորք է տեղափոխվել ուղիղ 100 տարի առաջ՝ 1924 թվականի աշնանը։
Արշիլ Գորկին (իսկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ծնվել է Վան քաղաքի մերձակա Խորգոմ գյուղում։ 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ մոր և երեք քույրերի հետ փախել է ռուսական Անդրկովկաս։ 1919-ին Երևանում մոր՝ սովից մահանալուց հետո Գորկին 1920-ին գաղթել է ԱՄՆ՝ հոր մոտ։ Գորկի ազգանունը վերցրել է ռուս նշանավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունից։
Գորկին 20-րդ դարի ամենաազդեցիկ ամերիկացի նկարիչներից է։ Նրա նկարները ցուցադրվում են ԱՄՆ-ի բոլոր խոշոր պատկերասրահներում, ինչպես նաև Լոնդոնի հանրահայտ «Թեյթ» պատկերասրահում: