Ադրբեջանում հակահայկականությունը պետական քաղաքականություն է՝ մանկապարտեզից մինչև բուհ․ Ալեն Ղևոնդյան

09 Հոկտեմբերի 2026, 23:20

Կարծիք | Քաղաքականություն

Ադրբեջանում հակահայկականությունը պահպանվում է պետական մակարդակով՝ մանկապարտեզներից մինչև բուհական կրթական ծրագրեր, և դա գոյաբանական խնդիր է։ Այս մասին «Alpha News»-ի տաղավարում հայտարարել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու միջադեպին և դրա վերաբերյալ իշխանությունների արձագանքին։

«Երբ տեսնում ենք ադրբեջանական դպրոցների ծրագրերը, քարոզչական նյութերը, տեսնում ենք, որ հայը շարունակում է ներկայացվել որպես թշնամի և ծաղրանքի առարկա։ Մանկապարտեզից մինչև բուհ, ինչպես նաև տարբեր տեսահոլովակներում մեզ հենց այդպես են ներկայացնում»,- ընդգծել է Ղևոնդյանը։

Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածքում հայտնվելու վերաբերյալ պաշտոնական վարկածներին՝ քաղաքագետը կասկածի տակ է դրել նրա՝ մոլորված լինելու վարկածը։

«Նախ՝ փաստ չէ, որ ընդամենը մեկ զինվոր է ներթափանցել․ դա դեռ քննարկման թեմա է։ Երկրորդ՝ Սյունիքի ռելիեֆին ծանոթ մարդը գիտի, որ այնտեղ նույնիսկ 100 մետր քայլելը հեշտ չէ, ուր մնաց՝ 20 կիլոմետր անցնեն ու մոլորվեն։ Ակնհայտ է, որ դրսից ուղղորդում կա՝ ամեն կերպ միջադեպի սրությունը նվազեցնելու համար»,- նշել է քաղաքագետը։