Այն մարդիկ, որոնք ուզում են աշխատել Ռուսաստանում, պետք է ունենան երկարատև ծրագիր. Ռուբեն Կիրակոսյան

04 Նոյեմբերի 2024, 22:00

Կարծիք | Քաղաքականություն

Մոսկվայի մարզի պատվավոր փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում կատարված փոփոխությունների մասին, որոնք խստացնում են այլ պետության քաղաքացիների մուտքը Ռուսաստան:

«Այն մարդիկ, որոնք ուզում են աշխատել Ռուսաստանում, նախ պետք է իմանան՝ ուր են գնում, արդյոք կա հստակ աշխատատեղ, ո՞ր տարածաշրջան են գնալու։ Նաև պետք է ունենան երկարատև ծրագիր՝ գոնե մեկ տարվա համար, որովհետև օրենքն այնպիսին է, որ միգրանտը կարող է այստեղ գտնվել ընդամենը 90 օր:

Առանց պատճառաբանության ՌԴ-ում կարող են մնալ, 90 օր, բայց արդեն 91-րդ օրը պետք է ունենան աշխատանքային պայմանագիր՝ այդտեղ գտնվելու համար: Խորհուրդ եմ տալիս գալ Ռուսաստան՝ բոլոր փաստաթղթերը պատրաստած»,- ասել է Ռուբեն Կիրակոսյանը:

Ըստ նոր փոփոխությունների՝ այլ պետության քաղաքացին Ռուսաստանում մնալու համար պետք է պարտադիր բուժզննում անցնի, մատնահետք հանձնի։

«Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության փոփոխությունը շատ երկար պրոցես է, դա միշտ կատարվում է: Այս տարի նոր փոփոխություն են մտցնում: Հիմա սահմանը անցնելու ժամանակ Ռուսաստան ժամանելու համար այլ պետության քաղաքացին պետք է անցնի կենսաչափական ռեգիստրացիա, որպեսզի ապագայում խնդիրներ չառաջանան: Օրինակ՝ եթե հանցագործություն է կատարվում, միանգամից իդենտիֆիկացնեն այն կատարողին: Խոսքը մատնահետքերի մասին է: Պետությունը նոր տեխնոլոգիաներ է փորձում»,- բացատրել է փաստաբանը: