Թրամփի ձեռքում է լինելու նաև դատական իշխանությունը. Արթուր Սահակյան

06 Նոյեմբերի 2024, 13:35

Քաղաքականություն

Դոնալդ Թրամփը բոլոր ճակատներում ջախջախիչ հաղթանակ տարավ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Alpha News-ի մեկնաբան, լրագրող Արթուր Սահակյանը:

«Այսօր պատմական օր էր Դոնալդ Թրամփի ու իր կուսակցության համար, քանի որ գրեթե բոլոր ճակատներում ջախջախիչ հաղթանակ են տարել ու դեմոկրատները, կարելի է ասել, ջախջախիչ պարտություն կրեցին այսօր և՛ նախագահական պայքարում, և՛ Սենատի, և՛ Ներկայացուցիչների պալատի ու նահանգապետերի պայքարում:

Հանրապետականներն ամենուր գրանցել են մեծ հաջողություններ: Այս պահի դրությամբ, ճիշտ է, դեռևս չի հայտարարվել, թե Դոնալդ Թրամփը հաղթել է ու հանդիսանում է ԱՄՆ 47-րդ նախագահը, բայց գրեթե ոչ ոք դա չի կասկածում, նույնիսկ Քամալա Հարիսը: Նա, ի դեպ, լքել է իր շտաբը»,- տեղեկացրել է Սահակյանը:

Մեր զրուցակիցն ասել է, որ թեև բոլոր նահանգներում ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել, բայց արդեն իսկ կարելի է համարել, որ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների 47-րդ նախագահն է:

«Դոնալդ Թրամփը հաղթանակի կապակցությամբ ելույթ է ունեցել, շնորհակալություն հայտնել իր թիմին, ընտանիքին, կնոջը, բոլոր աջակիցներին, ԱՄՆ ժողովրդին: Դեռևս մի քանի նահանգներ կան, որոնք դեռ երկար են հաշվելու արդյունքները, բայց այս պահի դրությամբ արդեն հայտարարվել է, որ Դոնալդ Թրամփը ունի 267 ընտրիչների ձայն, այսինքն՝ նրան հարկավոր է ընդամենը 3 ձայն, որ հռչակվի Միացյալ Նահանգների նախագահ, իսկ այդ 3 ձայնը նա հեշտությամբ կարող է ունենալ, քանի որ այս պահի դրությամբ, ճիշտ է, դեռ չեն ավարտվել մի քանի նահանգներում քվեարկության հաշվարկները, բայց մի շարք նահանգներում հաղթում է Թրամփը: Այնպես որ, իր համար այդ 3 ձայնը խնդիր չէ, և կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը Դոնալդ Թրամփն է»,- ասել է Արթուր Սահակյանը:

Նա կարևոր մի փաստի մասին էլ է խոսել, որ Թրամփի ձեռքում է լինելու նաև դատական իշխանությունը ու դեմոկրատները չեն կարող հակազդել իր կայացրած որևէ որոշման:

«Հանրապետականներն արդեն իսկ ունեն մեծամասնություն նաև Սենատում: Նախկինում նրանք չունեին մեծամասնություն, կանխատեսվում է, որ կպահպանեն իրենց դիրքերը նաև Ներկայացուցիչների պալատում: Այս պահի դրությամբ՝ ընդհանուր առմամբ պետք է 218 տեղ, որ ունենան մեծամասնություն, իրենք այս պահին ունեն 192 տեղ, և ակնկալվում է, որ մի շարք նահանգներում հաղթելու են և կունենան 218 և ավելի տեղեր Սենատում:

Սա նշանակում է,որ իր ձեռքում ունենալու է և՛ գործադիր իշխանությունը, և՛ օրենսդիր իշխանության երկու պալատները: Նաև մի շարք կարևոր հանգամանք կա, որ ընտրությունների հետ կապ չունի. հանրապետականները ունեն մեծամասնություն նաև Գերագույն դատարանում, այնտեղ դատավորներից 6-ը հանրապետականների թեկնածուներն են: Սա նշանակում է, որ դատական իշխանությունը ևս լինելու է Թրամփի ձեռքում:

Դեմոկրատական կուսակցությունը չի կարողանալու խոչընդոտել որևիցե ծրագրի, գաղափարի, նախագծի, որ կցանկանա իրագործել Դոնալդ Թրամփն՝ ի տարբերություն նախորդ նախագահական ընթացքի, երբ Թրամփը չուներ այդ հնարավորությունը և շատ հաճախ հանդիպում էր դեմոկրատների հակազդեցությանը: Այս անգամ այդ խնդիրը, կարծես, չի ունենալու ու հեշտությամբ կարողանալու է իրականացնել իր ծրագրերը»,- եզրափակել է Արթուր Սահակյանը: