Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Հարազատս հյուսիսից». Չալթր գյուղ

14 Նոյեմբերի 2024, 22:00

«Հարազատս հյուսիսից» նախագծի հերթական թողարկման ընթացքում Alpha News-ը ներկայացնում է Դոնի Ռոստովի հին հայկական Չալթր գյուղն ու տեղի հայերի կյանքը:

Դոնի Ռոստով քաղաքի հիմքերում հայկական Նախիջևանն է: Եկատերինա 2-րդ կայսրուհու հրավերով Ղրիմից մեր հայրենակիցները տեղափոխվել են Դոն գետի ափեր ու տափաստանների վրա սկսել կառուցել Նոր Նախիջևան քաղաքն ու մի քանի հայկական գյուղեր:

Տուն, թատրոն, դպրոց կառուցելու հետ միասին վեր են հառել նաև մեր հավատքի խորհրդանիշները՝ եկեղեցիները:

Չալթր գյուղի պատմությունը սկսում է բնական աղբյուրների մոտից՝ մեծ Չորվախից: «Չորվախ» տեղի բարբառով նշանակում է աղբյուր: Երբ Ղրիմից հայերը տեղափոխվել են այս տարածաշրջան, մեր հայրենակիցները տեղավորվել են այն տարածքներում, որտեղ եղել են բնական աղբյուրներ:
Ինչպես Դոնի Ռոստով քաղաքում, այնպես էլ Չալթրում ու հարևան մյուս հայկական գյուղերում ապրող հայերի հիմնական մասը Արևմտյան Հայաստանից՝ Անիից գաղթածների ժառանգներն են:

Խորհրդային շրջանում այս տարածաշրջանն անվանել են Մյասնիկյանի: Խորհրդային հայ գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը ծնվել է Նոր Նախիջևանում ու որոշ ժամանակ ապրել այստեղ:

Հայկական գյուղերում, տարբեր հաշվարկներով, մինչև 30 հազար հայ է ապրում: Շրջանի բնակչության մեծամասնությունը հայ է ու մերոնք այստեղ հայկական համայնք ձևավորելու կարիք նախկինում չեն ունեցել:

Նոր սերնդի հիշողությունը միշտ թարմ պահելու համար այս շրջանում ծնված հայ մեծերի մասին պաստառներ են փակցրել փողոցներում:
Չալթր գյուղի կենտրոնում կառուցված է Սուրբ Համբարձում եկեղեցին, այն 19-դ դարի կառույց է: Շատ լավ պահպանված է ու ունի այնպիսի բարձրություն, որ գրեթե տեսանելի է գյուղի բոլոր կողմերից:

Տեր Թադևոս քահանա Հայբարյանը Alpha News-ին ասել է, որ թեև եկեղեցու արտաքին տեսքը այնքան էլ հայկական եկեղեցիներին նման չէ, բայց այն «մաքուր հայ է»:

«Հայերը որոշել են այս եկեղեցին կառուցել հին եկեղեցու կողքին: Առաջին փոքր եկեղեցին եղել է Ղրիմի հայկական եկեղեցիների ոճով: Հետո պետք է ունենային ճարտարապետ, նախագիծ: Հիմնական ճարտարապետներին հնարավորություն կար բերել Մոսկվայից կամ Սանկտ Պետերբուրգից: Այն ժամանակ եղել է մի ճարտարապետ, ով Ռոստովում կառուցել է Սուրբ Խաչը ու կրթել է նաև մի քանի հայ ճարտարապետների, որոնք հետագայում կառուցել են հայկական ոճով եկեղեցիներ: Սուրբ Համբարձում եկեղեցին հայերն են կառուցել,օծել ու այստեղ հայերն են աղոթում: Արտաքինից կարող է թվալ, թե սլավոնական է, բայց այս եկեղեցին «մաքուր հայերեն է խոսում ու շատ լավ հայ է»: Արտաքինը խաբուսիկ է»,- կատակել է Տեր Թադևոս քահանա Հայբարյանը:

Այս տարածաշրջանում, ու, մասնավորապես, այս գյուղում ապրող մարդիկ յուրահատուկ են իրենց նիստ ու կացով, բարբառով, անգամ երաժշտությամբ. ունեն երաժշտության սեփական ռիթմը՝ 7:5 չափով:

Մանրամասները՝ տեսանյութում: