Նորանշանակ հայամետ հետախուզության պետը լինելու է Թրամփի «աչքն ու ականջը». Արթուր Սահակյան

15 Նոյեմբերի 2024, 11:07

Քաղաքականություն

Թուլսի Գաբարդը, ով հայամետ գործիչ է, լինելու է Թրամփի «աչքը և ականջը» բոլոր համակարգերում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Alpha News-ի մեկնաբան, լրագրող Արթուր Սահակյանը:

«ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո մի շարք առանցքային պաշտոններում առաջադրված գործիչների թվում կա առնվազն երեք հայամետ գործիչ:
Նրանցից առաջինը Թալսի Գաբարդն է, ով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենն է, համակարգելու է ներքին ու արտաքին բոլոր հետախուզական ծառայությունները, այդ թվում՝ կենտրոնական հետախուզության վարչությունը, հետաքննությունների դաշնային բյուրոն, ռազմական, օդային, տիեզերական անվտանգությունը և այլ կառույցներ:

18 հետախուզական ծառայություններ կան ԱՄՆ-ում և դրանք համակարգելու է հենց Թալսի Գաբարդը, այսինքն՝ լինելու է Թրամփի «աչքը և ականջը» բոլոր համակարգերում: Ամեն օր բրիֆինգների տեսքով ներկայացնելու է, թե ինչ է ընդհանրապես կատարվում այդ համակարգերում ու վերահսկելու է բոլոր հետախուզական ծառայությունները»,- տեղեկացրել է Արթուր Սահակյանը:

Մեր զրուցակիցը պատմել է, որ Թալսի Գաբարդը Ադրբեջանի «սև ցուցակում» է, քանի որ տարիների առաջ այցելել է Արցախ:

«Թալսի Գաբարդը 2012-2020թթ եղել է կոնգրեսական: Այդ տարիներին նրա հետ աշխատել են հայկական կազմակերպությունները: Նա կողմ է քվեարկել բոլոր պրոհայկական օրինագծերին, բազմիցս հանդես է եկել հայամետ դիրքորոշումներով, դատապարտել է Ադրբեջանի հաձակումը Արցախի ու Հայաստանի վրա, ինչպես նաև 2017թ. այցելել է Արցախ, ելույթ է ունեցել Արցախի Ազգային ժողովում: Պատմում են, որ երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը եղել է Հայաստանում ու ցանկություն է հայտնել մեկնել Արցախ, Միացյալ Նահանգների դեսպանը դեմ է արտահայտվել, այսինքն՝ զգուշացրել է, որ կարող են խնդիրներ առաջանալ Ադրբեջանի հետ: Հենց Թալսի Գաբարդն է պնդել, որ ինքը կարևորություն չի տալիս նրան, թե Ադրբեջանը ինչպես կնայի այդ այցին ու Ֆրենկ Փալոնի հետ մեկնել է Արցախ, նույնիսկ լուսանկարներ կան:

Դրանից հետո Թալսի Գաբարդը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»: Նրա՝ ԱՄՆ գլխավոր հետախույզ նշանակվելը, կարծում եմ, այդքան էլ լավ լուր չէ Ադրբեջանի ու նաև Թուրքիայի համար, որովհետև Թալսի Գաբարդը բազմիցս հայտարարություններ է արել այն մասին, որ Թուրքիան այսօր գլոբալ համաշխարհային տեռորիզմի ֆինանսավորման աղբյուր է»,- ասել է Արթուր Սահակյանը:

Թալսի Գաբարդի նման հայամետ գործչի՝ ԱՄՆ կարևոր պաշտոնում նշանակվելու մասին ոչ մի խոսք չի ասում ՀՀ իշխանությունը, ինչն, Արթուր Սահակյանի խոսքով, վկայում է հայկական տապալված դիվանագիտության մասին:

«Եթե, օրինակ, թուրքերն ու ադրբեջանցիներն ունենային իրենց նվիրված քաղաքական գործիչ, ինչպես Թալսի Գաբարդն է նվիրված հայերին, հիմա միլիոնավոր շնորհավորանքներ էին ուղարկել: Հայաստանի իշխանությունների կողմից ոչինչ չկա Գաբարդի մասին: Իշխանական մամուլում չկա Թալսի Գաբարդի մասին գրված որևէ տող և ցավալի է, որովհետև նման հնարավորություն ունենալ ու չօգտվելն առնվազն հիմարություն է:

Սա խոսում է այն մասին, որ հայկական դիվանագիտությունն այսօր զրոյացված է, աշխատում են մեր դեմ ու ադրբեջանա-թուրքական տանդեմի համար: Թալսի Գաբարդն այսօր այն գործիչն է, որը կարող է Թրամփին վայրկյանական հասցնել այն ամենը, ինչ բխում է մեր շահերից»,- ընդգծել է Արթուր Սահակյանը:

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնած Մարկո Ռուբիոն նույնպես հայամետ է, միշտ դատապարտել է Ադրբեջանի քայլերը:

«Մարկո Ռուբիոն ստանձնելու է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը: Նա ևս կողմ է քվեարկել հայկական օրինագծերին, հանդես է եկել պրոհայկական հայտարարություններով, դատապարտել է Ադրբեջանի հարձակումները, նաև կողմ է եղել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, բազմիցս հայտարարություններ է արել Թուրքիայի դեմ ու կողմ է քվեարկել Ցեղասպանության բանաձևին:

Երրորդ պաշտոնյան Վիվեկ Ռամասվամին է, ով նախագահի թեկնածու էր հանրապետական կուսակցության կողմից, այնուհետև հանեց թեկնածությունը ու սկսեց աջակցել Թրամփին: Նա Թրամփի մտերիմ շրջապատի առանցքային դեմքերից է: Վիվեկ Ռասմասվամին Իլոն Մասկի հետ գլխավորելու է մի դեպարտմենտ, որ դեռևս գոյություն չունի, բայց ստեղծվելու է: Այն կոչվելու է պետական արդյունավետության դեպարտամենտ»,- տեղեկացրել է Արթուր Սահակյանը: