ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին

18 Նոյեմբերի 2024, 20:30

Քաղաքականություն

Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի` մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այդ մասին նշված է դատարանի X–ի էջում։

Նշվում է, որ խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։

Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16–ին Միջազգային դատարանում դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ համաձայն «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի։ Հայցով Ադրբեջանը մեղադրվում է տասնամյակներ շարունակ հայերի դեմ գործողությունների համար, որոնք ավելի սրվել են 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։