Հայ-իրանական բավական հագեցած օրակարգը
20 Նոյեմբերի 2024, 16:00
Բարեկամ Իրանի հետ հարաբերությունները, այդ համատեքստում առկա և ակնկալվող զարգացումները շարունակում են լինել մեր ուշադրության կենտրոնում: Միաժամանակ, պետք է նշել, որ հայ –իրանական օրակարգն այսօր բավական խիտ է և հագեցած ոչ միայն երկկողմ նախագծերով կամ նախաձեռնություններով, այլ նաև՝ բազմակողմ ձևաչափերով: Խոսքն, իհարկե, առաջին հերթին, Իրան-ԵԱՏՄ հարաբերություններին է առնչվում, որոնք գործնական ակտիվ փուլում են:
Եվ այսպես, Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Իրանի-ԵՏԱՄ ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Այս համաձայնագրի կարևորությունը մեզ համար մի քանի հարթությունից է բխում: Նախ, եվրասիական շուկան այն շուկան, որին մի մասն ենք մենք, և որը փաստացի վերջին տարիներին մեր արտաքին առևտրաշրջանառության աճերի հիմնական աղբյուրն է, ընդլայնվում է՝ ի դեմս իրանական շուկայի: Եթե ընդհանուր, խոսքը վերաբերում է ԵԱՏՄ –Իրան փոխադարձ առևտրաշրջանառության շուրջ 95 տոկոսը կազմող ապրանքների նկատմամբ անմաքս կամ շատ ցածր մաքսատուրքերով առևտրին:
Միաժամանակ, ևս մեկ անգամ հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է լայնածավալ և մշտական համաձայնագիրը՝ ստորագրված 2023թ.-ի դեկտեմբերին և որը փոխարինում է 2019թ.-ից գործող ժամանակավոր համաձայանգրին:
Համաձայնագրից ակնկալիքները հասկանալու համար, նախ դիտարկենք Իրան-ԵԱՏՄ փոխադարձ առևտրաշրջանառության դինամիկային առնչվող որոշ ցուցանիշներ:
2019թ.-ին 2.4 մլրդ դոլարից 2023թ.-ին այդ ցուցանիշը կրկնապատկվել է՝ հասնելով 5.2 մլրդ դոլարի: Աճն ակնհայտ է: Ի դեպ, շատ կարևոր է ընդգծել, որ այս շրջանառության մոտ 14 տոկոսը բաժին է ընկնում Հայաստանին:
Բերենք նույն ժամանակահատվածի համար Հայաստան-Իրան առևտրաշրջանառության տեմպերի դինամիկան՝2-րդ նկարում:
400 մլն դոլարից ցուցանիշն ավելացել է՝ հասնելով 700 մլն-ի: Բացարձակ արժեքով այս ցուցանիշն աճել է, սակայն Հայաստանի արտաքին առևտրարջանառության մեջ Իրանի մասնաբաժինը 2022թ.-ից սկսած նվազել է: Դինամիկան 3-րդ պատկերն է արտացոլում:
Այստեղ, սակայն, կա օբյեկտիվ հանգամանք, ռուս ուկրաինական պատերազմի հետևանքով և՛ առևտրային շղթաների վերաձևույների, և՛ վերաարտահանման գործոնի ազդեցությամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ ավելացավ այլ ուղղությունների մասնաբաժինը:
Միաժամանակ, որոշ անկումային զարգացումների առևտրաշրջանառությունում ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշներն են վկայում: Դրանք ներկայացված են 4-րդ նկարում:
Սա ՊԵԿ-ի վիճակագրությունն է, համաձայն որի արտահանումը 2023-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 0.6 տոկոսով, ներմուծումը՝ 0.7 տոկոսով:
Նաև կարևոր ենք համարում օբյեկտվության համար ներկայացնել վիճակագրական կոմիտեի տվյալները, 2024թ հունվար-սեպտեմբերի համար ատահանումը ՀՀ-ից Իրան աճել է 7.7 տոկոսով, ներմուծումն Իրանից՝ 2.4 տոկոսով: Վիճակագրական տարբերությունների պատճառը հավանաբար վերջին երեք ամիսների դինամիկայի փոփոխությունն է, քանի որ նույն վիճկոմի առաջին կիսամյակի տվյալներով էլ ցուցանիշներն անկումային թեև՝ էլի ՊԵԿ-ի թվերից տարբերվող:
Ինչևիցէ, բոլորիս շահերից է բխում հայ-իրանական առևտրաշրջանառության աճը, ինչի համար ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրն իրապես կարող է լուրջ շարժիչ լինել: Այս համատեքստում կարևոր է նշել Երևանի և Թեհրանի միջև բեռնատարներից գանձվող ճանապարհային վճարների փոխադարձ զրոյացման պայմանավորվածությունը:
Եվ թերևս նաև ամփոփելով, ինչպես սկզբում նշեցինք, հայ-իրանական տնտեսական օրակարգը բավական խիտ է, թե՛ արդեն իսկ կյանքի կոչված նախագծերով, թե՛ սպասվողներով: Ամփոփենք՝ արագ հիշելով դրանցից ամենակարևորները. Երևանում բացված իրանական առևտրի տունն ու Իրանում ակնկալվող հայկական կենտրոնը, որը նույն աևտրաշրջանառությանը նոր զարկ կտա: Իրանական Չաբահար նավահանգստին հայկական օպերատորների հասանելիությունը, ծրագիր, որն այդ թվում՝ իրանական նախաձեռնություն է Հայաստանը միացնելու Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ ուղղուն, ռազմավարական նշանակության ճանապարհաշինության ոլորտում համագործակցությունը, Իրանի դեսպանի՝ վերջերս արած հայտարարությունն առ այն, որ Իրանը մտադիր է 3 մլրդ դոլարի համագործակցություն ունենալ Հայաստանի հետ, և իհարկե հայ-իրանական երրորդ էլեկտրահաղորդման գծի աշխատանքները, որոնց ավարտի ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են: