Արցախցիները կամ կհայտնվեն փողոցում, կամ կգնան Հայաստանից. Լիաննա Պետրոսյան

22 Նոյեմբերի 2024, 10:30

Կարծիք | Քաղաքականություն

ՀՀ կառավարության երեկվա նիստում վերանայվել է ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին տրվող «40+10 հազար» աջակցության չափն ու շահառուների ցանկը: Դա նշանակում է, որ ավելի քիչ արցախցի կօգտվի գործադիրի ծրագրից, իսկ հուլիսին այն կնվազի 10 հազարով: Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի հետ։

«Կառավարությանը և որոշում ընդունողներին փորձլ եմ հասցնել այն կարևոր մեսիջը, որ «40+10» ծրագիրը լուրջ սոցիալական աջակցություն չէ՝ կենցաղային հարցեր լուծելու համար, դա ամենակարևորի՝ բնակվարձի դիմաց տրվող աջակցություն է, որ պետք է տեղահանվածները ստանան այնքան ժամանակ, քանի դեռ չեն ապահովվել սեփական տանիքով: Ցավոք սրտի, կառավարության նիստում ընդունվեց հերթական ոչ ցանկալի որոշումը, որը կշարունակվի մի որոշ ժամանակ էլ, այնուհետև կլինի միայն խոցելի խմբերի համար:

Աջակցության այս տարբերակը պետք չէր վերանայել: Այն պետք է լինի բոլորի համար, որովհետև բոլորն էլ համարվում են խոցելի խմբեր: Սա, իհարկե, մեծ դժգոհությունների ալիք է բարձրացնելու տեղահանվածների շրջանում»,- ասել է Լիաննա Պետրոսյանը:

Մեր զրուցակիցը ցավով է նշել, որ աջակցության ծրագրի վերանայումից հետո շատ արցախցիներ, հնարավոր է, հայտնվեն փողոցում:

«Եթե այս աջակցությունը չշարունակվի, մարդիկ նախ կարող է հայտնվեն փողոցում, որովհետև դա միակ աղբյուրն է, որով հնարավոր է բնակվարձ տալ: Մի քանի ամսից հետո հնարավոր է մարդիկ տարբեր խնդիրների առաջ կանգնեն: Առաջինը հենց բանակարանի խնդիրն է, և վարձատուները կամ պետք է պահանջեն այդ գումարները, կամ մարդիկ պետք է բնակարանները ազատեն ու դրան այլընտրանք փնտրեն: Դա ամենացավալի երևույթն է:

ՀՀ-ից դուրս բնակարանների վարձերն ավելի մատչելի են ու դրանից ելնելով՝ տեղահանվածը ստիպված է լինում թողնել Հայաստանը ու իր ապագան կառուցել Հայաստանից դուրս: Մեր բոլոր առաջարկները, որոնք միտված են եղել հենց այս խնդիրը լուծելուն, կառավարությունն այդ առաջարկներին, ցավոք սրտի, ականջալուր չի եղել», — ասել է Լիաննա Պետրոսյանը:

Հիմա եթերում