Երևանը փորձում է ՀԱՊԿ անդամ երկրների վրա բարդել որոշումների պատասխանատվությունը․ Պանկին

09 Նոյեմբերի 2026, 09:45

Քաղաքականություն

Հայաստանը կրկին փորձում է իր ընդունած որոշումների պատասխանատվությունը բարդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ չնայած ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու և անդամավճարները չվճարելու՝ Հայաստանը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։

«Մենք Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ պահպանելով գործընկերների համար կազմակերպության շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կբխեր նրանց շահերից։ Ցավոք, հայկական կողմից փոխադարձ քայլեր չենք տեսնում։ Ավելին՝ կրկին ակնհայտ են սեփական որոշումների պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փորձերը»,- ընդգծել է Պանկինը։

Այս կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ անդամ պետությունը կարող է զրկվել ձայնի իրավունքից մինչև կուտակված անդամավճարների ամբողջական մարումը։