Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե պետք է անցկացնի․ ՌԴ ԱԳՆ

09 Նոյեմբերի 2026, 10:00

Քաղաքականություն

Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեն պետք է անցկացվի մինչև անդամակցության հայտ ներկայացնելը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի՝ Հայաստանի համար Եվրամիությունում տեղ փնտրելու նախաձեռնությունը հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ստացվող իրական օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն միություն անցնելու անորոշ գաղափարը առաջ մղելու համար։

Դիվանագետի կարծիքով՝ ստեղծված իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը հանրաքվեի անցկացումն է, որի ընթացքում Հայաստանի ժողովուրդը, երկրի Սահմանադրությամբ նախատեսված կարգով, կարտահայտի իր կամքը՝ երկրի հետագա ինտեգրացիոն ուղու վերաբերյալ։

«Տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, հետո միայն պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչպես վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը»,- նշել է Պանկինը։

Նրա խոսքով՝ հայտը ներկայացնելուց հետո ժողովրդի կարծիքն այլևս ոչ ոքի հետաքրքիր չի լինի։

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ հանրությանը վերջերս ներկայացվել է զեկույց՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Զեկույցը պատրաստվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման շրջանակում։

Պանկինը նշել է, որ զեկույցում ներկայացված սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ տնտեսական անվտանգության ռիսկերը և Միության անդամ պետություններին հնարավոր վնասը կանխելու նպատակով։

«Դրա իրականացումը կախված կլինի նրանից, թե Հայաստանի ղեկավարությունը որքանով պատրաստ կլինի փարատել ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների մտահոգությունները»,- ասել է նա։

Միաժամանակ Պանկինը հայտնել է, որ այս հարցով Մոսկվան առայժմ Երևանից կառուցողական ազդակներ չի ստացել։