Գիտնականների միջազգային թիմը Հայաստանի գործընկերների հետ ստեղծել է վիրուսների ակտիվությունը ճնշող նյութ

26 Նոյեմբերի 2024, 16:30

Կրթություն

Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիա գիտնականները Հայաստանի և Հարավային Աֆրիկայի գործընկերների հետ համատեղ ստեղծել են նյութ, որը կարող է ճնշել վիրուսների ակտիվությունը։ Աշխատանքները նախաձեռնել է լաբորատորիայի գիտական ղեկավար, հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտական հիմնադրամի պաշտոնական տելեգրամյան ալիքը։

Նրանք մշակել են մեծ ծակոտիներով թաղանթ, որի վրա կիրառել են արծաթի նանոմասնիկներ և կուրկումին։

Նման թաղանթով ջուր անցնելով՝ գիտնականները հասել են հերպեսի և ստոմատիտի վիրուսների մինչև 99%-ի, ինչպես նաև գրիպի և էնցեֆալոմիոկարդիտի վիրուսների մինչև 85%-ի նվազմանը:

Մեթոդը շատ ավելի արագ է, քան մանր ծակոտիներով ավանդական ֆիլտրացումը և չի պահանջում բարձր ճնշում:

Ապագայում թիմը նախատեսում է մշակել հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններով կոմպոզիտային նյութեր՝ բժշկական և արդյունաբերական լայն կիրառման համար:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Surfaces and Interfaces ամսագրում։