Իսրայելն ուզում է ամրագրել իր իրավունքը Լիբանանի օդային, ծովային, ցամաքային սահմանների նկատմամբ. Շահան Գանտահարյան
26 Նոյեմբերի 2024, 21:30
Alpha News-ի հետ զրույցում Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Իսրայելի և Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ» խմբավորման միջև առաջիկա 36 ժամվա ընթացքում հրադադար կնքելու մասին լուրերը:
Գանտահարյանը նշում է, որ հրադադարի հիմնական երաշխավորը ամերիկյան կողմն է, սակայն մասնակցություն է ունենալու նաև Ֆրանսիան:
«Խոսքը ամերիկացի պատվիրակ Հոքշտեյնի միջնորդած բանակցությունների մասին է, սեղանի վրա է ՄԱԿ-ի թիվ 1701 բանաձևը:
Ըստ այդ բանաձևի՝ իսրայելական ուժերը պետք է հետ քաշվեն Լիբանանի տարածքներից, իսկ «Հեզբոլլահ»-ի ուժերը՝ մինչև Լիտանի գետի հյուսիսային հատվածները», — ասում է Գանտահարյանը:
Բանախոսի խոսքով՝ Իսրայելը պահանջել է, որ վերականգնվի իր տարածքի հյուսիսային հատվածի անվտանգությունը, իսկ տեղահանված ժողովուրդը պետք է վերադառնա:
Նույն 1701 բանաձևն՝ ըստ Գանտահարյանի, վերասահմանում է լիբանանյան կանոնավոր բանակի կառուցվածքը:
««Հեզբոլլահ»-ի զբաղեցրած դիրքերը պետք է փոխարինվեն լիբանանյան բանակով` զորքերի համալրում, լիազորությունների ընդլայնում, վերատեղակայում»,- թվարկում է մեր զրուցակիցը։
Գանտահարյանը միևնույն ժամանակ շեշտում է՝ բանաձևի հիմքում եղած նախապայմաններին ավելացել են նաև նորերը:
«Ըստ շրջանառվող լուրերի՝ պետք է գործի վերահսկիչ հանձնաժողով, այստեղ պետք է ներգրավվի նաև Ֆրանսիան»,- ընդգծում է նա և հավելում, որ այս փոփոխությանը դեմ է Թել Ավիվը, հատկապես, որ վերջին տարիներին Իսրայել-Ֆրանսիա հարաբերությունները լարված են:
Ըստ նրա՝ թեև Իսրայելի և Լիբանանի կանոնավոր բանակի միջև պատերազմ չի ընթանում, բայց հրադադարի համաձայնագիրը պետք է ընդունվի պաշտոնական Բեյրութի կողմից։
«Իսրայելը պահանջում է «Հեզբոլլահ»-ի համակարգի և ենթակառուցվածքների ամբողջական կազմաքանդում: Բացի դրանից, ցանկանում է ինքնուրույն ճշտել լիբանանյան բանակի գործառույթները և տեղակայման աշխարհագրությունը, սակայն, ոչ լիբանանյան բանակի և ոչ էլ միջազգային հանձնաժողովի երաշխիքները չեն բավարարում Թել Ավիվին»,- նշում է Շահան Գանտահարյանը:
Հարցին, թե Իսրայելի պահանջներն ավելի շատ Լիբանանի դեմ են ուղղված, թե «Հեզբոլլահ»-ի, մեր զրուցակիցը պատասխանում է.
«Առաջին հայացքից «Հեզբոլլահ»-ի դեմ են, բայց, ըստ էության, Իսրայելն ուզում է ամրագրել իր իրավունքը Լիբանանի օդային, ծովային, ցամաքային սահմանների նկատմամբ՝ իրականացնելով ռազմական գործողություն»,- ընդգծում է Գանտահարյանը: