Հայաստանի 50-ից ավելի մարզիկներ կմասնակցեն Եվրոպական խաղերին

21 Հունիսի 2023, 10:20

Սպորտ

Լեհաստանում հունիսի 21-ից հուլիսի 3-ը կանցկացվի երրորդ Եվրոպական խաղերը, որին ավելի քան 7000 մարզիկ 26 մարզաձեւում պայքարելու է մեդալների 253 հավաքածուի համար:

Հայաստանը Եվրոպական խաղերին մասնակցում է 58 մարզիկով 10 մարզաձեւում՝ շախմատ, աթլետիկա, ջրացատկ, կարատե, հրաձգություն, թաեքվոնդո, բռնցքամարտ, սուսերամարտ, մուայթայ եւ թեքբոլ: Եվրոպական երրորդ խաղերը կանցկացվեն Լեհաստանի 12 քաղաքներում, փոխանցում է sport.news.am-ը:

Աթլետիկայում Հայաստանի հավաքականը ներկայացել է 21 մարզիկով․ Գայանե Չիլոյան, Էլլադա Ալավերդյան, Ալիսոն Հալերսոն, Մարի Սարգսյան, Յանա Սարգսյան, Ժաննա Շահնազարյան, Ինգա Շեկոյան, Մելինե Ադամյան, Գագիկ Ադամյան, Արամ Արամյան, Դավիթ Սարգսյան, Գոռ Հարությունյան, Երվանդ Մկրտչյան, Վանյա Սարգսյան, Ռոման Ալեքսանյան, Գոռ Բեգլարյան, Լեւոն Աղասյան, Սոս Հարությունյան, Մանուկ Մանուկյան եւ Վանիկ Առաքելյան: Մարզիկների հետ մրցավայրում աշխատում են Ռոբերտ Էմմիյանը, Նարինե Շահբազյանը, Գրիգոր Բարսեղյանը, Արսեն Պետրոսյանը ե Գեղամ Տեր-Գրիգորյանը:

Աթլետիկայի Եվրոպական խաղերի թիմային պայքարը մեկնարկել է հունիսի 20-ից:  Արդեն մեկնարկ են դուրս եկել Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը, Գայանե Չիլոյանը, Ժաննա Շահնազարյանը եւ Ալիսոն Հալվերսոնը: Հայաստանի առաջին պատվիրակներից լավագույն արդյունքը ցույց է տվել Լեւոն Աղասյանը: Նա 16.36 մ արդյունքով առաջինն է եռացատկում: Աթլետիկայի մրցաշարը կավարտի հունիսի 25-ին:

Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային են բռնցքամարտիկների համար: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Կանանց թիմում են․ Անուշ Գրիգորյան (50 կգ), Եկատերինա Սիչեւա (54 կգ),  Տաթեւիկ Խաչատրյան (57 կգ), Էլիդա Քոչարյան (60 կգ), Սոնա Հարությունյան (66 կգ) եւ Անի Հովսեփյան (75 կգ):

Բռնցքամարտիկները պայքարի մեջ կմտնեն հունիսի 23-ից: Եզրափակիչները տեղի կունենան հուլիսի 2-ին:

Եվրոպական խաղերում օլիմպիական վարկանիշներ են խաղարկում նաեւ հրաձիգների համար: Սեյրան Նիկողոսյանի գլխավորած թիմը Լեհաստանում կմրցի 3 հրաձիգով՝ Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան եւ Երջանիկ Ավետիսյան: Էլմիրա Կարապետյանն արդեն ունի օլիմպիական ուղեգիր: Բենիկ Խլղաթյանը կմրցի օդամղիչ ատրճանակ մրցաձեւում, Երջանիկ Ավետիսյանը՝ ստենդային հրաձգությունում: Երկու մրցաձեւերում էլ խաղարկվելու են օլիմպիական վարկանիշներ:

Հրաձգության մրցաշարն անցկացվելու է հունիսի 22-ից հուլիսի 2-ը Վրոցլավում:

Ջրացատկում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ՝ Վլադիմիր Հարությունյան, Արման Ենոքյանը, Մարատ Գրիգորյան եւ Ալիսա Զաքարյան:

Ջրացատկի մրցումային օրերն են՝ հունիսի 22-28-ը, Ռզոազռուում:

Սուսերամարտի մրցաշարին կմասնակցեն Գրիգոր Պապոյանը, Բորիս Դադայանը, Ալիկ Նավասարդյանը, Գրիգոր Մնացականյանը եւ Էմմա Պողոսովան:

Սուսերամարտի մրցումային օրերն են հունիսի 25-30-ը եւ անցկացվելու են Կրակովում:

Թաեքվոնդոյում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: Մեդալային պայքարում կլինի Սարգիս Սարգսյանը:

Մրցումային օրերը՝ հունիսի 23-26 Կրինիցա-Զդրույ քաղաք:

Կարատեում եւս Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: Կմասնակցի Անիտա Մակյանը: Մրցումային օրերն են՝ հունիսի 22-23 Բեսկո-Բյալա քաղաք:

Հայաստանն առաջին անգամ Եվրոպական խաղերում ներկայացուցիչ կունենա թեքբոլում: Կազմում ընդգրկված են Քրիստինե Մանգասարյանը, Գոռ Սարգսյան եւ Ռաֆայել Վարդանյան: Թեքբոլի մրցումները տեղի կունենան հունիսի 28-ից հուլիսի 1-ը Կրակով քաղաքում:

Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա մուայթայում: Հանդես կգան Գոռ Սարգսյանը, Արմեն Գրիգորյանը, Լուսի Տեր-Դավթյանը եւ Նարեկ Խաչիկյանը:

Մուայթայի մրցաշարը տեղի կունենա հունիսի 25-27-ը Միսլենիցե քաղաքում:

Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացել էր երկու շախմատիստով՝ Էլինա Դանիելյան եւ Շանթ Սարգսյան։ Նրանք արդեն ավարտել են իրենց մրցելույթները եւ տարել Հայաստանի առաջին հաղթանակը: Եվրոպական խաղերում Հայաստանի թիմը նվաճեց կայծակնային շախմատի Եվրոպայի զույգ առաջնության չեմպիոնի տիտղոսը:

Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 21-ին Կրակով քաղաքի Հենրիկ Ռեյմանի անվան ստադիոնում: