Սիրիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ
30 Նոյեմբերի 2024, 17:41
Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ ԱԳՆ-ն հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Ինչպես տեղեկացրել էինք, այս պահին ևս կարող ենք հայտնել, որ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։
Դամասկոսում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր գործունեությունն արտակարգ ռեժիմով։ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին լիազորագրերը ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ և աշխատանքը շարունակում է Դամասկոսից։
Իրավիճակի հետագա զարգացումներով պայմանավորված՝ ԱԳ նախարարությունը կկայացնի համապատասխան որոշումներ»,- նշել է Անի Բադալյանը: