Լեհաստանում պաշտոնապես տրվել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկը. Հայաստանը 57 մարզիկ ունի
22 Հունիսի 2023, 12:55
Լեհաստանի Կրակով քաղաքում պաշտոնապես տրվել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկը. խաղերի ընթացքում 49 երկրի ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 28 մարզաձևերում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար:
Կրակովի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողության ժամանակ լուսային ու ձայնային գեղեցիկ շոու ծրագրով նախ ներկայացվել է երկրի պատմությունը, ապա անդրադարձ է կատարվել լեհ անվանի գործիչներին՝ մշակույթից մինչև գիտություն:
Հատուկ անդրադարձ է կատարվել նաև տարբեր մարզաձևերում մեծ հաջողություններ գրանցած լեհ մարզիկներին՝ այդ թվում ավտոարշավորդ Ռոբերտ Կուբիցային, ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկիին, թենիսիստ Իգա Շվիատեկին, աթլետ Ռոբերտ Կորզենիովսկիին և այլն:
Այնուհետև տեղի է ունեցել դրոշների շքերթը. Հայաստանի դրոշակակիրներն են եղել աթլետներ Լևոն Աղասյանն ու Գայանե Չիլոյանը:
Համերգային ծրագրից հետո Խաղերի մասնակիցներին ողջունել և հաջողություն են մաղթել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Եվրոպական Օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը և այլք:
Ներկաներին տեսաուղերձ է հղել նաև ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: Այնուհետև, հանդիսավոր կերպով վառվել է Եվրոպական երրորդ խաղերի ջահը:
Նշենք՝ Եվրոպական ամառային երրորդ խաղերում արդեն իսկ մեկնարկել են մարզական մրցումները: Մեր պատվիրակներից առաջինը պայքարի են դուրս եկել աթլետները, որոնք մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը՝ երրորդ դիվիզինում։