Չես կարող երջանիկ լինել, երբ տեսնում ես վիրավոր հայրենիքդ. Մարատ Հայրապետյան

17 Դեկտեմբերի 2024, 23:00

Կարծիք

Մեր երկրում տիրող իրավիճակը թույլ չի տալիս ինձ երջանիկ մարդ համարել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է բժիշկ, բնաբույժ Մարատ Հայրապետյանը:

«Չկա վստահություն իշխանության նկատմամբ, չկա վստահություն գումարների ճիշտ վերաբաշխման, ծախսման վերաբերյալ: Սա թերևս վկայում է այն մասին, որ եթե չես կարողանում սփյուռքով նորմալ զբաղվել, բայց ցանկանում ես սփյուռքը հարմարացնել քեզ, եթե փորձում ես շփվել միայն սփյուռքի այն կառույցների հետ, որոնք քեզ հաճոյանում են, քո թելն են թելում, դու պարտված ես և չես կարողանալու հասնել քո նպատակներին: Սփյուռքի իմացությունը ամեն մարդու բան չէ»,- նշել է Հայրապետյանը:

Նա իր խոսքում ընդգծել է՝ չես կարող լինել երջանիկ, երբ տեսնում ես վիրավոր հայրենիք:

«Ես ինձ կարող էի համարել երջանիկ, հաջողակ անձնավորություն, բայց կա մի շատ կարևոր խանգարող հանգամանք, և դա մեր երկրում՝ Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակն է: Իմ ժպիտը նույնը չէ, իմ ծիծաղը նույնը չէ, իմ հոգու մեջ գոյություն ունեցող փոթորիկներն ամեն օր ինձ տանջում են , անհանգստացնում են, խանգարում են, որ ես ինձ համարեմ լիարժեք մարդ:

Երբ մարդիկ հարցնում են՝ դու երջանի՞կ ես, ասում եմ՝ ոչ, որովհետև չես կարող երջանիկ լինել, երբ տեսնում ես վիրավոր հայրենիք և երկրում տեղի ունեցող սարսափելի իրադարձություններ, որոնք փորձում ես, բայց չես կարողանում դադարեցնել կամ կանգնեցնել»,- եզրափակել է Հայրապետյանը: