Եթե Երևանը շարունակի զինվել, թող մեր դեմ բողոք չլինի. Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին
18 Դեկտեմբերի 2024, 11:42
Ադրբեջանը ստիպված է ընդունել 5 միլիարդ դոլարի ռեկորդային ռազմական բյուջե՝ «Արևմուտքի կողմից Հայաստանին զենք վաճառելու պատճառով»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ВГТРК-ին և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
«Մենք բնականաբար ստիպված ենք համարժեք միջոցներ ձեռնարկել։ Մեր հաջորդ ռազմական բյուջեն 2025 թվականին կլինի ռեկորդային՝ մոտ 5 միլիարդ դոլար»,- նշել է նա։
Ալիևի խոսքով՝ «Հայաստանը պետք է հասկանա, որ ոչ ոք իրեն «տեղում» չի օգնի Ադրբեջանի դեմ սադրանքի դեպքում՝ չնայած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությանը»։
Ալիևը հայտարարել է, որ «ղարաբաղյան երկրորդ պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի գործողությունների արդյունքները չպետք է մոռացվեն Հայաստանի կողմից»։
Նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ Պետդեպարտամենտի առավելագույն աջակցությունը Երևանին որևէ երաշխիք չի տալիս։
Նա նաև հավելել է, որ Բաքուն «կշարունակի կոչ անել դադարեցնել զենքի մատակարարումը Հայաստանին»։
«Եվ եթե այսպես շարունակվի, ապա մեր դեմ թող որևէ բողոք չլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ Ֆրանսիայի կողմից հարձակողական զենքի մատակարարումները Հայաստան իրական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար:
Նրա խոսքով՝ Բաքուն բազմիցս կոչ է արել Փարիզին ու Վաշինգտոնին դադարեցնել Հայաստանի ռազմականացումը։
«Բայց, ցավոք, մեզ չլսեցին։ Հայաստանին զինելու գործընթացը առաջ է ընթանում»,- նշել է նա։