Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

22 Հունիսի 2023, 17:55

Հայեր

Հունիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում արցախյան 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունների հետևանքով զոհված, գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամներին։

Հանդիպման սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց հայրենյաց քաջարի պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Այնուհետև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Մասյացոտն թեմի հոգևոր դասի հետ համագործակցաբար նյութական, բարոյական ու հոգեխնամ աջակցություն են ցուցաբերում որդեկորույս ընտանիքներին։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ինչպես Արարատի, այնպես էլ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում, որի շրջանակներում աջակցություն կտրամադրվի 50 ընտանիքների։

Հայոց Հայրապետը, սրտակցություն հայտնելով որդեկորույս ընտանիքներին, իր խոնարհումը բերեց քաջարի նահատակներին, ովքեր հանուն հայրենիքի գոյատևման ընծայաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Այս առնչությամբ Հայոց Հովվապետը նշեց, որ հերոս զավակների քաջության օրինակն առաջնորդելու է հայորդիներին քաջարի ոգով շարունակելու տեր լինել իրենց երկրին, ազատ ու անկախ ապրելու իրավունքին։

Վերջում, ի պատասխան զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հարցերի, Նորին Սրբությունն անդրադարձավ պատերազմում անհայտ կորած զինվորականների հայտնաբերման և ռազմագերիների վերադարձման ուղղությամբ Հայ Եկեղեցու կողմից կատարված ու կատարվող աշխատանքներին։