Խարիզմատիկ Արուսյակը՝ «Հարսնացուն հյուսիսից»

22 Դեկտեմբերի 2024, 22:10

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Դեկտեմբերի 22-ը հայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վերջալույս Միրիջանյանի ծննդյան օրն է։

Միրիջանյանը ծնվել է 1916 թվականին Իգդիր գյուղում։

Նա իր դերասանական կարիերան սկսել է 1933 թվականին Երևանի առաջին պետական թատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն)։ Զուգահեռաբար Միրիջանյանը դերասանական կրթություն է ստացել նույն թատրոնին կից գործող ստուդիայում, որն էլ ավարտել է 1936-ին։

Վերջալույս Միրիջանյանը նաև շուրջ 10 տարի աշխատել Է Ալավերդի քաղաքի թատրոնում, որից հետո կրկին վերադարձել է արդեն հարազատ երևանյան թատրոնի բեմ:

Իր ակտիվ կարիերայի ընթացքում Միրիջանյանը նկարահանվել է ավելի քան երեք տասնյակ ֆիլմերում։

1958 թվականին նկարահանվել է «Առաջին սիրո երգը» երաժշտական մելոդրամայում, որտեղ նրա գործընկերներն են եղել հայ լեգենդար դերասաններ Խորեն Աբրահամյանը, Հրաչյա Ներսիսյանը և Վաղարշ Վաղարշյանը:

Նրան ճանաչում է բերել նաև ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմը, որտեղ մարմնավորել է գլխավոր դերակատար Արամի մոր դերը։

Երկրպագուները նրան սիրել են նաև «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում Արուսյակի դերի համար:
Վերջալույս Միրիջանյանի բոլոր ֆիլմերն արժանի են ուշադրության, բայց դերասանուհու ֆիլմացանկից Հատկապես առանձնացնենք Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմում Հայաստան մայրիկի դերը։

Պատմում են, որ ֆիլմում, երբ Վերջալույս Միրիջանյանը երգում է, դրա փոխարեն ռեժիսորը գրել էր բավականին երկար ճառ, որը հերոսուհին չէր կարողանում սովորել, և որոշվել է այն փոխարինել երգով, որն ավելի ազդեցիկ դարձավ։

Վերջալույս Միրիջանյանը կյանքից հեռացել է 1992 թվականի փետրվարի 3-ին: