Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը

23 Դեկտեմբերի 2024, 12:24

Հայեր

Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնել է, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը:

«Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի և նրա ղեկավարած մասնագետների հմուտ թիմի հետ կապված են մեր երկրում ակնաբուժության ոլորտում գրանցված լրջագույն ձեռքբերումները: Չորս տասնամյակից ավելի հմուտ ակնաբույժին հաջողվել էր համատեղել գիտամանկավարժական և կլինիկական գործունեությունը՝ փրկելով ու վերականգնելով հարյուրավորների տեսողությունը, լուծելով ակնային խնդիրները:

Բժիշկ-գիտնականը ակնաբուժության ոլորտի նվիրյալներից էր: Նրա խոսքն արժեքավոր ու ծանրակշիռ էր կրտսեր գործընկերների համար, որոնք այսօր հաջողությամբ շարունակում են զարգացնել ակնաբուժությունը մեր երկրում»։

Մուրադյանը տեղեկացրել է, որ հոգեհանգստի արարողությունը, հարգանքի տուրք տալու նպատակով, տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 18:00-ից 20:00-ն: