Deportivo Armenio-ն նոր մարզաշապիկով ներկայացրել է Հայաստանի քարտեզը

09 Փետրվարի 2025, 14:56

Սպորտ

«Դեպորտիվո Արմենիո» (Deportivo Armenio) հայկական սպորտային ակումբը ներկայացրել է իր նոր պաշտոնական մարզաշապիկը Պրիմերա Բ Մետրոպոլիտանայի 2025 թվականի մրցաշրջանի համար։

Տնօրենների խորհրդի անդամ, մարքեթինգային և ինստիտուցիոնալ հարաբերությունների պատասխանատու Մարսելո Փափազյանի կողմից իրականացվող այս նախագծի հիմնական նպատակն է Հայաստանի տարածքի ներկայացումը, ֆուտբոլի միջոցով նրա պատմության և մշակույթի տարածումը:

Մարզաշապիկը, որը թողարկվել է փետրվարի 8-ին՝ առաջնության առաջին օրը, սպիտակ է, իսկ այլընտրանքը ներկայացված է մուգ մոխրագույնով։ Երկուսում էլ Հայաստանի քարտեզն է, ուրվագծված են մարզերը, որոնց անունները պարզ և տեսանելի գրված են։ Օձիքի և թևերի վրա կան դեկորատիվ դետալներ, որոնք ընդգծում են հայկական հարուստ մշակութը։

Այս նոր մարզաշապիկի առաքելությունը դուրս է սպորտից, ինչպես Diario ARMENIA-ին ասել է Մարսելո Փափազյանը: «Գաղափարն առաջացել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքներին հավակնելու պատճառով: Մենք գիտենք հայ ազգին սպառնացող վտանգների մասին, բայց մեր կողմից, չմտնելով քաղաքական խնդիրների մեջ, ձգտում ենք լուսաբանել նրա աշխարհագրական և մշակութային հարստությունը ֆուտբոլի գլոբալիզացիայի միջոցով»:

Ակումբը մի շարք կրթական զրույցներ կանցկացնի նաև հայկական դպրոցներում, հաստատություններում և կխոսի Հայաստանի աշխարհագրության և տեսարժան վայրերի մասին: Այս միջոցառումներին կմասնակցի նաև լրագրող և միջազգային քաղաքականության մասնագետ Մարիանո Սարավիան, ով կպատմի նոր շապիկի վրա տպագրված քարտեզի մասին, որը թեև ներկայացնում է ներկայիս Հանրապետությունը, բայց չի ներառում պատմական Հայաստանի տարածքները։

Հիմա եթերում