Ֆրանսիացի հանրությունը կլսի Արցախի մայրերի և փոքրիկների ցավի մասին. համերգ-երեկո Փարիզում
«Հայաստան. կյանքի ճանապարհ»՝ Փարիզում սպասվում է համերգ-երեկո, որը նպատակն է ահազանգել Ֆրանսիայի հասարակությանը, թե ինչ սադրանքների է դիմում Ադրբեջանն Արցախում և ինչպիսի անմարդկային փորձությունների միջով են անցնում ավելի քան 6 ամիս պաշարման մեջ գտնվող 120.000 արցախահայերը՝ զրկված լինելով կենցաղային տարրական պայմաններից:
Հունիսի 28-ին՝ Արցախի շրջափակման 200-րդ օրը, Փարիզի «Գավո» համերգասրահում են համախմբվելու ֆրանսիացի մի խումբ մտավորականներ, երաժիշտներ, դերասաններ, որպեսզի ներկայացնեն, թե ինչ ծանր օրեր է ապրում Արցախի քրիստոնյա բնակչությունը: Լուրը Alpha News-ին փոխանցել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
1000 հանդիսատես հյուրընկալող սրահում հայտնիները ֆրանսերեն կընթերցեն արցախցի մայրերի, երեխաների նամակ-ուղերձներն՝ ուղղված եվրոպացիներին, որտեղ նրանք պատմում են իրենց հույսերի, հուսախաբությունների, ներկա վիճակի և ապագայի երազանքների մասին: Հովհաննես Գևորգյանի համոզմամբ՝ այդպիսով ֆրանսիացի ժողովուրդն է՛լ ավելի իրազեկ կլինի, որ Ֆրանսիայից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող Արցախի ժողովրդին հայերի երկրորդ ցեղասպանությունն է սպառնում:
«Մեր նպատակը Ֆրանսիայի հասարակությանը իրազեկ պահելն է, որ տեղեկատվության մեծ ալիքի համապատկերում Արցախի հարցը Ֆրանսիայում անուշադրության չմատնվի և շարունակի մնալ հանրային տիրույթում», — ընդգծել է Ֆրանսիայում ԱՀ ներկայացուցիչը:
Միջոցառմանը ներկա են լինելու ավելի քան 30 հայտնի լրագրողներ՝ այդ թվում հեղինակավոր «Ֆիգարո» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը (Jean-Christophe Buisson), որը թե՛ 44-օրյա պատերազմի օրերին, թե՛ դրանից հետո ակտիվորեն լուսաբանել է և խմբագրականներ է շարադրել հայերին սպառնացող վտանգների մասին:
Արցախի ժողովրդի խնդրի մասին լսելու է նաև հանրահայտ էսսեիստ, պատերազմ լուսաբանող լրագրող Օլիվիե Վեբերը (Olivier Weber), որը եղել է վերջին 20-ամյակում արձանագրված կոնֆլիկտների՝ գրեթե բոլոր թեժ կետերում՝ Կոսովոյից մինչև Աֆղանստան, Կամբոջա, Պակիստան ու Արցախ: Հովհաննես Գևորգյանի խոսքով՝ այս համերգ-երեկոյի շնորհիվ Ֆրանսիայում ԼՂ հարցի վերաբերյալ էլ ավելի մեծ մեդիա իրազեկում կլինի, ինչը կարևոր հանգամանք է:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է: Այն բանից հետո, երբ այդ ձևաչափը դադարեց գործել, Ֆրանսիան պարբերաբար փորձում է ներգրավվել արցախյան հիմնահարցին՝ կողմերին հորդորելով ընդհանուր հայտարարի գալ խաղաղության պայմանագրի շուրջ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին օտարերկրացի պետական գործիչն էր, որը դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից հայերի դեմ կռվում են ջիհադիստ մարտիկներ, որոնք լքել են Գազիանթեփը և միացել արցախյան հակամարտությանը: Մակրոնն այս հայտարարությունն արել էր Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ:
2020 թվականի նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունը և այն ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձև ընդունել:
Մանրամասները՝ տեսանյութում: